Այս օրերին Մեքսիկայի հետ սահմանի մոտ ավելի ու ավելի մեծաթիվ միգրանտներ են հավաքվում, որոնց մեջ նկատելի է առանց մեծահասակների ուղեկցության անչափահաս երեխաների թիվը:
Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսաքիի խոսքերով, մարդկանց մեծամասնությանն այստեղից հետ են վերադարձնում: ‘’Սահմանը բաց չէ’’, ասել է նա ու ավելացրել, որ ԱՄՆ մուտք գործողների թիվը սահմանափակ է:
Կոնգրեսի հանրապետական անդամները Բայդենին են մեղադրում սահմանային այս կուտակումների մեջ, քանի որ ասում են նրանք, իր նախընտրական արշավի ժամանակ նա էր խոստանում օրինականացնել առանց փաստաթղթերի այստեղ գտնվող 11 միլիոն փախստականների կեցությունը:
Սենատում Հանրապետական կուսակցության ղեկավարներն այս իրավիճակը համարում են ճգնաժամային:
Ինչպես Սենատի փոքրամասնության ղեկավար Միթչ ՄաքՔոնելն է ասում, ‘’Ստացվում են լուրեր սահմանին մեծաթիվ ձերբակալությունների մասին, որոնց մեջ, ըստ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ցուցակների, կան ահաբեկչության համար որոնվող անձանց անուններ’’:
Եթե այս մարդկանց հաջողվի մուտք գործել ԱՄՆ, նրանց վրա չի տարածվի այն օրենքը, որն ընդունվելու դեպքում նախատեսում է օրինականացնել արդեն ԱՄՆ-ում գտնվող տասնմեկ միլիոն փախստականների կեցությունը:
Ներկայացուցիչների պալաստի նախագահ Նենսի Փելոսին ասում է, որ եթե փակվեն դռները նոր ժամանողների առջեւ, Ամերիկան կկորցնի աշխարհում առաջատարի իր դերը:
Եթե Ներկայացուցիչների պալատում հինգշաբթի օրը հաստատված օրենքի երկու նախագծերը ստանան վերջնական հաստատում, եւ դառնան օրենք, անչափահաս տարիքում անօրինական կարգով ԱՄՆ տեղափոխված անձինք, որոնք այժմ չունեն մշտական կեցության իրավունք, կստանան ԱՄՆ-ի քաղաքացիություն ստանալու հնարավորություն: