Ղարաբաղյան պատերազմի միջոցով Ռուսաստանը մեծացրել է աշխարհաքաղաքական իր կշիռը Կովկասում

Ստեփանակերտում ‘’Ամերիկայի Ձայն’’-ի նորանշանակ թղթակիցը տեղից պատմում է այստեղ տիրող իրականության մասին ու նշում, որ ռուսական զորքերի տեղակայումը Լեռնային Ղարաբաղում կարեւոր քայլ է կովկասյան այս տարածաշրջանում քաղաքական ու ռազմական իր ուժը հաստատելու Մոսկվայի ռազմավարության համար: Ինչպես վերլուծաբաններն են ասում, սա Կովկասը հետ վերցնելու փորձերում Ռուսաստանի առաջին քայլն էր:

Ռազմական հարցերով վերլուծաբան Պավել Ֆելգենհաուերի խոսքերով, ‘’Ռուսաստանի երկարաժամկետ նպատակը խորհրդային կամ ցարական ու իմպերիալիստական կայսրության սահմանները վերականգնելն է:

Ինչպես Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն է ասում, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները եկող հինգ տարիների ընթացքում: ‘’Եթե հակամարտությունը դրվի վերահսկողության ներքո, ու եթե չլինի իրադությունը սրելու նոր վտանգ, ռուսական ուժերի ներկայությունն այլեւս անհրաժեշտ չի լինի: Սա կախված է նաեւ Ադրբեջանից’’, ասում է Բաբայանը:

Ստեփանակերտում ‘’Ամերիկայի Ձայն’’-ի թղթակիցը հիշեցնում է, որ գործարքի համաձայն, նրանց ներկայությունը կարող է երկարաձգվել մինչեւ տասի տարի, եթե լարվածությունը Բաքվի ու Երեւանի միջեւ շարունակվի:

Փորձագիտական շրջանակներում հայտնում են մտահոգություն, որ իրադրության սրումը կարող է ռուսական ուժերին տալ այստեղ մշտապես մնալու արդարացման գերազանց միջոց:

Ինչպես քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանն է հիշեցնում հին ասացվածքը. ‘’Ռուսները գալիս են արագ, հեռանում` շատ դանդաղ’’:

Անվտանգության հարցերով վերլուծաբան Նեյլ Հաուերն էլ ավելացնում է. ‘’Սա հետխորհրդային միակ հակամարտությունն էր, որտեղ Ռուսաստանը Խորհրդային Միության փլուզումից հետո չուներ տեղակայված զորքեր: Սակայն հիմա լիովին է վերահսկում իրադրությունն այստեղ’’:

Անկախ նրանից, ռուսական զորքերը կհեռանան ժամանակին, թե կմնան ավելի երկար, փաստն այն է, որ Կրեմլին հաջողվել է մեծացնել աշխարհաքաղաքական իր կշիռն այս տարածաշրջանում: