ԱՄՆ-ի օրենսդիրներն այս օրերին փորձում են գտնել ԱՄՆ-Մեքսիկա սահմանին առանց մեծահասակների ուղեկցության անչափահաս միգրանտների հոսքը կանգնեցնելու ուղիներ:
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում այստեղ է ժամանել անչափահաս մոտ 4200 երախա, ինչը ծանր կացության առջեւ է կանգնեցրել Բայդենի վարչակազմին:
Ինչպես ԱՄՆ-ի ներքին գործերի նախարար Ալեհանդրո Մայորկասն է ասել, նոր վարչակազմը, ի տարբերություն նախորդի, չի վտարում նրանց: ‘’Մենք նրանց տեղավորում ենք խնամքի կենտրոններում ու պահում առողջապահության նախարարության վերահսկողության ներքո, մինչեւ ծնողական խնամքին հանձնելը’’, ասում է նա:
Սահմանի վրա վերջին այս կուտակումները պատճառն է տարածված այն ենթադրության, որ Բայդենի վարչակազմի ներքո Ամերիկան ավելի հանդուրժողական է փախստականության հարցում:
Հանրապետական կոնգրեսականներն էլ այդ պատճառով ասում են, թե այս խնդիրը խորացել է հենց Բայդենի պատճառով: Ոմանք պնդում են, որ նրա այս քաղաքականության արդյունքում կասկածյալ ահաբեկիչներ են անցել սահմանը դեպի ԱՄՆ:
‘’Այս պետության բարեկեցությունը, ամերիկացիների անվտանգությունն ու ապահովությունը, ինչպես նաեւ սահմանները, նախագահի պատասխանատվությունն են’’, հայտարարում է Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության ղեկավար Քեւին ՄաքՔարթին:
Դրա համար երկարաժամկետ լուծումներ են հարկավոր, ասում են դեմոկրատները, որոնք պատրաստվում են ընդունել օրենքի բանաձեւ, որը արտաքսումից կազատի նրանց, ովքեր այստեղ են անչափահաս տարիքում եկել որպես գյուղատնտեսության բնագավառի աշխատողներ ու անօրինական փախստականներ: Խոսքը ներգաղթի օրենքները փոփոխության ենթարկելու Բայդենի ծրագրի մասին է, որն ուժի մեջ մտնելու դեպքում օրինական կարգավիճակ կապահովի 11 միլիոն այն փախստականներին, որոնք մինչ այժմ այստեղ բնակվում են առանց գրանցումների:
Դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսի խոսքերով, օրենքը քաղաքացիություն ստանալու հնարավորություն կտա աշխատասեր մարդկանց, կվերամիավորի նրանց ընտանիքները եւ ուղի կհարթի օրինական ներգաղթի համար:
Սակայն բանաձեւն օրենքի ուժ ստանալու համար պահանջում է նաեւ Սենատի հաստատումը, մի բան, որն այսօր անհավանական է թվում, երբ այստեղ դեմոկրատներն ունեն միայն չափազանց փոքր առավելություն:
Սենատում այս բանաձեւի շուրջ որոշում է կայացվելու ապրիլ ամսին: