Մինչեւ 2020 թվականի մայիս ամիսը Մեծ յոթնյակի երկրների շարքում Միացյալ Նահանգներում տոկոսային հարաբերությամբ գրարնցվել էր քովիդ 19 հիվանդության ամենաբարձր ցուցանիշը: Մեկ տարի անց Ամերիկան մահացությունների թվով երրորդ տեղում է:
Ինչպես Ջորջթաունի համալսարանի առողջապահության հարցերով փորձագետ Լորենս Գոսթինն է ասում, Ամերիկայի առողջապահական համակարգի կողմից քովիդ հիվանդության դեմ դիմիադրողականությունը ամբողջությամբ ձախողվել է: ‘’Մենք աշխարհի ամենահարուստ երկիրն ենք, ու համավարակի դեմ` ամենաաղքատ կերպով պայքարողը’’, ասում է նա: Նրա խոսքերով, դա աններելի փաստ է:
Նա ասում է նաեւ, որ ԱՄՆ-ի առողջապահության հանրային համակարգը տարիներ շարունակ կրել է ֆինանսավորման խնդիրներ եւ այդ պատճառով չկարողացավ պատշաճ կերպով պայքարել, երբ համավարակը տարածվեց այստեղ:
Բացի այդ, ասում են շատերը, մեղքի իր մեծ բաժինն ունի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը:
ԱՄՆ-ի Հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման կենտրոնի նախկին տնօրեն Թոմ Ֆրիդենի խոսքերով, ‘’Ամերիկան համավարակի դեմ գործողությունները չի հիմնել գիտության վրա, գործողություններն էլ չեն եղել համակարգված’’:
Հիշենք գիտության վրա չհիմնավորված Թրամփի այն խոսքերը, ըստ որոնց հարկավոր է մարդու օրգանիզմում ներարկել ախտահանող նյութեր:
Փորձագետներն ասում են, որ առանց գիտնականների կարծիքը հաշվի առնելու անվստահելի բուժման միջոցներ առաջարկելով ու խնդիրը քաղաքականացնելով, Թրամփը մեծապես է վնաս հասցրել համավարակի դեմ Ամերիկայի գործողություններին:
Փորձագետներն այժմ մեծ հույսեր են կապում Ջո Բայդընի հետ:
Գոսթինի խոսքերով տարբերությունը մեծ է, ինչպես ցերեկն ու գիշերը: Նրանք գոհ են, որ հենց առաջին օրը նոր վարչակազմը ներկայացրեց ծրագիր, երբ անցած մեկ տարվա ընթացքում ծրագիր չի էլ եղել:
Վարակակիրների ցուցանիշն անկում է գրանցում, սակայն սկսել է հիվանդության նոր տարատեսակների տարածումը: Մյուս կողմից, չնայած մեծ են պատվաստանյութերի հետ կապված հույսերը, մտահոգիչ է դրանց նկատմամբ երբեմն հնչող թերահավատությունը:
Ժողովրդի շրջանում այսօր պատվաստանյութերի վտանգի մասին են ավելի շատ խոսում նրանք, ովքեր նախկինում չէին ուզում լսել հիվանդության վտանգի մասին: