Թմրանյութերի տեղափոխման հարցում Հայաստանը տարանցիկ երկիր է. ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է տարեկան իր զեկույցը թմրանյութերի միջազգային տարանցման մասին, ուր անդրադարձել է նաև այս հարցի շուրջ Հայաստանում առկա իրավիճակին ու Հայաստանի իշխանությունների ջանքներին՝ թմրանյութերի միջազգային տարանցման դեմ պայքարում

Ըստ պետքարտուղարության զեկույցի՝ Հայաստանը ապօրինի թմրանյութերի շրջանառության առումով հիմնականում տարանցիկ երկիր է, որի միջոցով Աֆղանստանից և Իրանից թմրանյութերը տեղափոխվում են Եվրոպա և Ռուսաստան: Հայաստանի իշխանությունները պնդում են, որ ափիոն, մետամֆետամին և հերոին տեսակների թմրամիջոցները ապօրինի կերպով ներմուծվում են երկիր հիմնականում Իրանից:

Ըստ պետքարտուղարության՝ 2018 թ-ի ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո իշխանության եկած ժողովրդավարական կառավարությունը ձևավորել է մի շարք նոր հակակոռուպցիոն հաստատություններ, սակայն, ըստ ամերիկյան կողմի, համեմատաբար քիչ է խոսվել թմրանյութերի ապօրինի շրջանառության մասին: Ըստ զեկույցի՝ երկրում թմրամիջոցների հետ կապված որևէ լուրջ ձերբակալություն չի գրանցվել կամ չեն հարուցվել բարձր մակարդակում քրեական գործեր, իսկ խոշոր բեռնափոխադրումների խափանումները եղել են հազվադեպ:

Պետքարտուղարության կարծիքով Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան հակամարտության պատճառով, մինչև 2020 թ-ի վերջը ոչ Հայաստանի և ոչ էլ Ադրբեջանի մաքսային ծառայությունները չեն գործել Իրանին սահմանամերձ Արաքս գետի երկայնքով: Զեկույցը ենթադրում է, որ դրա արդյունքում այստեղով կազմակերպվում էր Իրանից թմրամիջոցների անխափան հոսք:

Զեկույցը հայտնում է, որ 2020 թ-ի հունվար-հունիս ամիսներին Հայաստանի իրավապահները հետաքննել են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի վերաբերյալ 552 քրեական գործ, ինչը 19 տոկոսով ավելի է 2019 թ-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատած: Այս գործերը հիմնականում կապված են եղել իրանցիների կողմից թմրանյութերի տարանցման հետ: Ընդհանուր առմամբ իշխանությունները, համեմատած անցած տարվա հետ, բռնագրավել են ավելի մեծ քանակով թմրանյութեր և հարուցել ավելի շատ քրեական գործեր: Պետքարտուղարությունը հաղորդում է խոշոր խմբաքանակների մի շարք նշանակալից բռնագրավումների մասին, որոնց ընթացքում Իրանի քաղաքացիները փորձել են գաղտնի տարանցել մեծ քանակությամբ թմրանյութեր:

Զեկույցում մատնանշվում է թմրանյութերի տարածման դեմ պայքարի ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության մասին: ԱՄՆ-ի համապատասխան գերատեսչությունները համատեղ աշխատանք են տարել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հետ՝ հերոինի խոշոր վաճառողների դեմ բազմաթիվ հետաքննությունների շրջանակում: Դրա արդյունքում Բուլղարիայի մի քանի քաղաքացիներ ձերբակալվեցին Վրաստանում և Բուլղարիայում՝ 112 կգ հերոինի տարանցման փորձի ժամանակ, որն իրականացվել էր Հայաստանի տարածքով: Բացի այդ Միացյալ Նահանգները 2019 թ. նոյեմբերին իրավապահ գերատեսչություններում անցկացրել է մի շարք համապատասխան դասընթացներ, ինչպես նաև տրամադրել թմրանյութերի հայտնաբերման ժամանակակից սարքավորումներ:

Պետքարտուղարությունը հիշեցնում է նաև, որ 2020 թ-ի հունվարին Հայաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում համագործակցությանն ուղղված Պոմպիդու խմբի 40-րդ անդամը:

Վրաստանի մասին զեկույցի հատվածում ԱՄՆ պետքատուղարությունն ընդգծում է, որ այս երկիրը ևս գտնվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության ուղու վրա: Ըստ ամերիկյան կողմի՝ Աֆղանստանից ծագած հերոինն ու ափիոնը Իրանի միջոցով տեղափոխվում են Հայաստան, այնուհետև տարանցվում դեպի Վրաստան՝ Սև ծովով այն Արևմտյան Եվրոպա տեղափոխելու համար: