ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չորեքշաբթի օրը հայտարարեց, որ ԱՄՆ-ի ու Չինաստանի միջեւ հարաբերություններն աշխարհում այս դարի ‘’ամենամեծ աշխարհաքաղաքական փորձարկումն է’’:
Հանդես գալով արտաքին քաղաքականության գլխավոր հարցերի շուրջ իր առաջին մեծ ելույթով`Բլինքենն ասաց, թե Բայդենի վարչակազմը Չինաստանի հետ կապերը կարող է ‘’հիմնել ուժի դիրքերից’’: Նրա խոսքերով, դա պիտի արվի դիվանագիտական եղանակով եւ միջազգային կառույցների մասնակցությամբ, որտեղից ԱՄՆ-ը հետ էր քաշվել ու այդ բաց տեղը թողել Չինաստանին:
‘’Չինաստանի հետ մեր հարաբերությունները կլինեն մրցակցային, երբ դա լինի անհրաժեշտ, կլինեն համագործակցային, երբ կարող են լինել այդպիսին, կլինեն թշնամական, երբ լինի դրա անհրաժեշտությունը’’, ասաց Բլինքենը:
Աշխարհի երկու այս գերհզոր պետությունները տարաձայնություններ ունեն Հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ազդեցության, Պեկինի տնտեսական գործունեության, Հոնկոնգում, Թայվանում եւ Սինցզյանի շրաջանում մարդու իրավունքները Չինաստանի կողմից ոտնահարվելու հարցերում:
Բլինքենի ճառը, որն արտացոլում է ‘’Ամերիկայի հզորությունը նորոգելու’’ նախագահ Ջո Բայդենի ռազմավարությունը, տեղ էր հատկացրել նաեւ կորոնավիրուսի համաշխարհային վարակը կասեցնելու միջազգային ջանքերին, համաշխարհային տնտեսությունը զարգացնելու ուղիներին եւ ժողովրդավարության դեմ աշխարհում գրանցվող սպառնալիքները կասեցնելուն:
‘’Ամերիկան իր համար առաջնային խնդիրների շարքում է դասում համաշխարհային ջերմացման դեմ համակարգված պայքարը, ‘’կանաչ էներգիայի հեղափոխության’’ հարցը’’, հայտարարեց Բլինքնենը:
ԱՄՆ-ի նոր վարչակազմը մեծապես է կարեւորում Իրանի հետ միջուկային համաձայնության գալու խնդիրը, ասում է Բլինքենը:
‘’Մեր դաշնակիցների եւ գործընկերների հետ միասին աշխատելու ենք ընդլայնել եւ ամրապնդել Գործողության համատեղ համապարփակ ծրագիրը, հայտարարեց Բլինքենը չորեքշաբթի օրը` նկատի ունենալով Իրանի հետ կնքված միջուկային միջազգային համաձայնագիրը: ‘’Իրանը պետք է հավատարիմ մնա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ կնքված պայմանագրի կետերին ու ստանձնած պարտավորություններին’’, հայտարարեց նա:
ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ղեկավարը նաեւ անդրադարձավ Սիրիայում քիմիական զենք կիրառելու շուրջ մտահոգություններին, դապատարտեց Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնիի, ինչպես նաեւ Սկրիպալների դեմ Ռուսաստանում իրականացված հարձակումները:
Դաշնակիցների հետ հարաբերությունների վերականգնումը, կլիմայի փոփոխության լուծումը և ‘’կանաչ էներգետիկ հեղափոխությունը’’ խթանելը նույնպես Բայդենի արտաքին քաղաքական գերակայությունների ցանկում են:
‘’Մենք ուզում ենք, որ Ամերիկան պահպանի գիտական տեխնոլոգիական առավելությունը, քանի որ դա մեզ համար կարևոր նշանակություն ունի 21-րդ դարի տնտեսության մեջ: Մենք պետք է համոզվենք, որ տեխնոլոգիաները պաշտպանում են մարդկանց գաղտնիությունը, աշխարհը դարձնում ավելի անվտանգ և առողջ, իսկ ժողովրդավարական երկրները ՝ ավելի դիմացկուն ու կայուն’’, հայտարարեց ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չորեքշաբթի օրն արտասանած իր ելույթում: