Ադրբեջանական վարչակարգի կողմից ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղում անուղղակիորեն սպառնում է ՀՀ-ի վերջին շրջանի ժողովրդավարական ձեռքբերումներին, ասված է Freedom House իրավապաշտպան կազմակերպության 2021 թվականի զեկույցում, որն անդրադառնում է անցած տարվա ժողովրդավարության զարգացման և ազատության միտումներին աշխարհում:
Զեկույցի համաձայն անցած տարվա զարգացումները փաստում են աշխարհում ժողովրդավարության մակարդակի հերթական անկման մասին: Ավտորիտար դերակատարները 2020 թ.-ին գործել են համարձակ՝ նպաստելով վերջին 15 տարիների աշխարհում ազատության անընդմեջ անկմանը, ասված է զեկույցում:
«Այս տարվա բացահայտումները փաստում են, որ դեռևս չենք սանձվել ավտորիտար դրսևորումների ալիքը»,- ասում է Freedom House-ի հետազոտությունների և վերլուծությունների գծով փոխնախագահ Սառա Դեբուչին՝ ընդգծելով, որ ժողովրդավարական կառավարությունները պետք է համերաշխ գործեն միմյանց, ինչպես նաև ժողովրդավարության աջակիցների և մարդու իրավունքների պաշտպանների հետ՝ ավելի ազատ և խաղաղ աշխարհ կառուցելու համար:
Ըստ Freedom House-ի՝ ավտորիտար պետությունների կողմից ռազմական ուժի կիրառումը ի ցույց է դնում ժողովրդավարական նորմերի գլոբալ վերանայման փաստը, որի վառ ապացույցներից է, ըստ կառույցի, Լեռնային Ղարաբաղում անցած տարվա զարգացումները. միջազգային նշանակալից ներգրավվածության բացակայության պայմաններում Ադրբեջանը իր ավտորիտար դաշնակից Թուրքիայի օժանդակությամբ հարձակում գործեց՝ ՀՀ-ի հետ երկարատև տարածքային վեճը կարգավորելու համար: Պատերազմը դադարեցվեց Մոսկվայի խաղաղապահ առաքելության միջոցով, որը ամրագրեց Ադրբեջանի տարածքային ձեռքբերումները, սակայն չկարգավորեց շատ հարցեր:
Ըստ Freedom House-ի՝ այս զարգացումները բացասաբար անդրադարձան ժողովրդավարության վրա. Ադրբեջանի ավտորիտար նախագահ Ալիևի իշխանության ամրապնդումից բացի դրանք սպառնացին ՀՀ-ի 2018 թ-ից ի վեր ժողովրդավարության ոլորտի ձեռքբերումներին, որոնց արդյունքում ՀՀ-ում հաստատվել էր դեպի բարեփոխումներ միտված կառավարություն: Սկայան պատերազմում Նիկոլ Փաշինյանի կապիտուլիացիան բուռն արձագանք առաջացրեց հանրային որոշ շրջանակներում՝ հանգեցնելով կառավարական շենքերի վրա հարձակումների ու խորհրդարանի խոսնակի նկատմամբ բռնության: Զեկույցը շեշտում է՝ նման անկարգությունները սպառնում են երկրի առաջընթացին և կարող են հանգեցնել շղթայված իրադարձություններին, որոնց արդյունքում Հայաստանը կնմանեցվի իր ավտորիտար հարևաններին:
Ավտորիտար կառավարման ընդլայնումը, միջազգային ասպարեզում ժողովրդավարական խոշոր տերությւոնների դերակատարության նվազման հետ մեկտեղ, բացասաբար է անդրադարձել մարդկային կյանքերի ու անվտանգության խնդիրների վրա: Այն ներառում է նաև քաղաքական վեճերը ռազմական ուժի միջոցով կարգավորելու հաճախակի դարձած միտումը, փաստում է իրավապաշտպան կազմակերպությունը՝ ընդգծելով, որ ռազմական գործողությունների հետևանքները փակուղի են բերում բարեփոխումների իրականացման հույսերը, օրինակ, Հայաստանում ու Եթովպիայում:
Freedom House-ը մի շարք երկրների հետ մեկտեղ առանձնացնում է Հայաստանը, որի զարգացումներին կառույցը կշարունակի ուշադրությամբ հետևել: Ազատության ու ժողովրդավարության ցուցանիշով Հայաստանը, ըստ Freedom House-ի, դասվում է ՛՛մասամբ ազատ՛՛ երկրների շարքին հետխորհդային Ուկրաինայի, Մոլդովայի, Ղրղզստանի ու Վրաստանի հետ մեկտեղ: Հետխորհրդային մնացած բոլոր հանարապետությունները, բացառությամբ ՛՛ազատ՛՛ մերձբալթյան երկրների, դասվում են ՛՛ոչ ազատ՛՛ երկրների խմբին: Տարածաշրջանում Ադրբեջանի ու ՌԴ հետ մեկտեղ, ՛՛ոչ ազատ՛՛ երկրներից են նաև Թուրքիան ու Իրանը:
Բացի ճանաչված երկրներից, Freedom House-ն անդրադառնում է նաև չճանաչված կամ մասամբ ճանաչված տարածքներին: Ըստ զեկույցի՝ նման միավորներից ՛՛մասամբ ազատ՛՛ են Աբխազիան և Լեռնային Ղարաբաղը, իսկ Մերձդնեստրը, Դոնբասը, Ղրիմն ու Հարավային Օսիան ՛՛ոչ ազատ՛՛ տարածքներ են:
Ընդհանուր առմամբ զեկույցում ընդգծվում է, որ 2006 թվականից ի վեր ոչ ազատ երկրների մասնաբաժինը հասել է ամենաբարձր մակարդակի: Հետընթաց են արձանագրել 73 երկրներ, որոնք ներկայացնում են համաշխարհային բնակչության շուրջ 75 տոկոսը: Նման հետընթաց գրանցած երկրների շարքում են ոչ միայն Չինաստանի, Բելառուսի և Վենեսուելայի նման ավտորիտար պետություններն, այլ նաև ԱՄՆ-ի և Հնդկաստանի նման ժողովրդավարությունները:
Ըստ Freedom House-ի՝ ԱՄՆ, շարունակելով դասվել ազատ երկրների շարքին, անցած տարի՝ Թրամփի նախագահության վերջին տարում, կրկին անկում է գրանցել, այս անգամ երեք միավորով: Այս բացասական միտումը երկիրը դուրս է մղել Ֆրանսիայի և Գերմանիայի նման առաջատար ժողովրդավարությունների խմբից՝ այն ստորադասելով ավելի թույլ ժողովրդավարական ինստիտուտներ ունեցող պետությունների շարքին, ինչպիսիք են, օրինակ, Ռումինիան և Պանաման:
Freedom House-ի նախագահ Մայքլ Աբրամովիցը նկատում է, որ նախագահ Բայդենը խոստացել է վերականգնել Ամերիկայի միջազգային դերը` որպես ժողովրդավարության և մարդու իրավունքների առաջատար պաշտպան, բայց երկրի վարկանիշի վերականգնման համար, այն միաժամանակ պետք է լուծի իր սեփական քաղաքական համակարգի թույլ կողմերը, ասում է Աբրամովիցը՝ շեշտելով, որ հունվարի 6-ի իրադարձություններն ԱՄՆ-ում, երբ հարձակման ենթարկվեց ԱՄՆ Կոնգրեսը, շատ ամերիկացիների համար պետք է ահազանգ հանդիսանան` ամերիկյան ժողովրդավարության հանդեպ ազդարարելով նոր մարտահրավեր: