Հարավային Կովկասը շարունակում է մնալ հնարավորությունների տարածաշրջան, այն պետք է արժանանա ամերիկացի պաշտոնյաների ուշադրությանը, ընդգծել է վերլուծաբան Ջեյսոն Բրյուդերը՝ Հարավային Կովկասի հարցում Բայդենի վարչակազմի որդեգրած քաղաքականության մասին առցանց քննարկմանը: Ըստ Բրյուդերի, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ԱՄՆ-ը փորձում է օգնել ՀՀ-ին, Ադրբեջանին և Վրաստանին պահպանել անկախությունը և խթանել իրենց կարողությունների օգտագործումը` օգնելով էթնիկ հակամարտությունների կարգավորման և համագործակցության հաստատման հարցում: Վաշինգտոնը նաև աջակցում է տրանսպորտային հանգույցների ձևավորման հարցում, որոնք տարածաշրջանը կապում են արտաքին աշխարհի հետ: Այս ամենի իրականացումն, ըստ վերլուծաբանի, կապված է աշխարհում ԱՄՆ-ի նկատմամբ վստահության վերականգման հետ: Նա համոզված է, որ համաճարակի հետ կապված իրավիճակի մեղմացումից հետո Վաշինգտոնը կվերսկսի իր բազմաթիվ ծրագրերը՝ հարավկովկասյան երկրներին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ:
՛՛Կարծում եմ նախագահ Բայդենը պետքարտուղարությունում ունեցած իր ելույթում խոսում էր վստահելիության խնդրի մասին: Ինչպե՞ս կարող ենք մենք գործել համապատասխանաբար միջազգային ասպարեզում, եթե ինքներս ի վիճակի չենք անել դա երկրի ներսում՛՛,- հռետորական հարց է հնչեցնում Բրյուդերը:
Իր հերթին McLarty Associates հաստատության ներկայացուցիչ Քլեյր Քայզերը նկատում է, որ նախագահ Բայդենն ու պետքարտուղար Բլինքենը դեռևս որևէ հեռախոսազրույց կամ քննարկում չեն ունեցել հարվկովկասյան երկրների ղեկավարության հետ:
՛՛Բայդենի վարչակազմի մի շարք ներկայացուցիչներ իրենց գործունեության ընթացքում ունեցել են որոշակի փորձ և պատկերացումներ, ինչպես նաեւ անցյալում ակտիվ ներգրավվածություն Հարավային Կովկասի խնդիրներում: Միևնույն ժամանակ, այժմ Հարավային Կովկասում այլ իրականություն է՛՛,- ասում է վերլուծաբան Քայզերը:
Նրա կարծիքով Բայդենի վարչակազմին անհրաժեշտ է ժամանակ նոր իրավիճակին արձագանքելու եւ նոր ռազմավարություն մշակելու համար: Նա շեշտում է՝ զարմանալի կլիներ, եթե Հարավային Կովկասը հանդես գար որպես առաջնահերթություն Վաշինգտոնի համար՝ հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնց առերեսվում է ԱՄՆ այսօր: Հարավկովկասյան երկրների նկատմամբ հետաքրքրությունը կարող է առաջ գալ, եթե տարածաշրջանն առնչվի այլ առաջնահերթ խնդիրների հետ, ասում է նա:
Վերլուծաբան Սքոթ Քոլենեյնը համակարծիք է՝ Հարավային Կովկասը չի լինի Բայդենի վարչակազմի խնդիրների ցուցակի առաջնային տեղում: ԱՄՆ-ին և ԵՄ-ին անհրաժեշտ է մի քանի տարի` Հարավային Կովկասի հարցում արդյունավետ քաղաքականություն մշակելու համար:
՛՛Երբ նայում ես Հարավային Կովկասին, պարզ հարց է ծագում՝ որտեղ կտեղակայվի այս տարածաշրջանը նոր վարչակազմի խնդիրների ցանկում: Հաշվի առնելով բոլոր այլ խնդիրները՝ տնտեսական, քաղաքական, համաճարակի, Չինաստանի, Ռուսաստանի հետ կապված, ես մտավախություն ունեմ, որ Հարավային Կովկասը չի լինի այդ ցանկի առջևում՛՛,- ասում է նա:
Իր հերթին վերլուծաբան Մարկ Սիմակովսկին առանձնացրեց երեք հիմնական գործոններ ԱՄՆ-Հարավային Կովկաս հարաբերություններում: Առաջինը փորձառությունն է, որը գործող վարչակազմն ունի արտաքին քաղաքականության հարցերում: Մյուսը Վաշինգտոնի քաղաքականությունն է ժողովրդավարության ու մարդու իրավուքների խրախուսման հարցում: Ըստ Սիմակովսկու, Բայդենի վարչակազմը ժողովրդավարության հետ կապված հարցերը կրկին կմղի առաջնային պլան այլ երկրների հետ հարցերում: Բացի այդ, ըստ նրա, պետք չէ ակնկալել Հարավային Կովկասի վերաբերյալ առանձին քաղաքական ուղեգիծ: ԱՄՆ այն ընկալում է ավելի լայն տարածաշրջանի համատեքստում:
Վերլուծաբանները համակարծիք են, որ Հարավային Կովկասի հարցում կարևոր դեր է խաղալու ԱՄՆ-ի քաղաքական և տնտեսական հարաբերությունները ՌԴ-ի հետ: Սիմակովսկու կարծիքով՝ Մոսկվան այսօր ագրեսիվ քաղաքականություն է վարում ոչ միայն իր ավանդական ազդեցության գոտում, այլև դրանից դուրս:
՛՛Ակնհայտ է, որ այս վարչակազմը չի դիմելու վերալիցքավորման քաղաքականությանը (reset) ՌԴ-ի հետ: Դա կարևոր է, քանի որ ամերիկյան յուրաքանչյուր վարչակազմ փորձել է վերալիցքավորել ՌԴ հետ հարաբերությունները, սակայն այս վարչակազմը տարբեր է, նաև այն պատճառով, որ այստեղի պաշտոնյաներից շատերը դասեր են քաղել 2009 թ.-ի ՌԴ հետ հարաբերությունների վերալիցքավորման փորձի ռիսկերից և վճարած գնից՛՛,- ընդգծել է Սիմակովսկին:
Չնայած դրան՝ նա կարծում է, որ ԱՄՆ կփորձի գտնել ընդհանուր եզրեր ՌԴ հետ մի շարք հարցերում: Այստեղ կարող է ազդեցիկ դեր խաղալ նաև Հարավային Կովկասում ամերիկյան ներգրավածության փորձը:
՛՛Նախկինում նախորդ վարչակազմերին մտահոգում էին ՌԴ մոտեցումները: Կարծում եմ՝ այս վարչակազմն ավելի պակաս զգայուն կլինի այդ առումով, սակայն հաշվի կառնի Մոսկվայի մտահոգությունները, մասնավորապես Հարավային Կովկասի անվտանգության հարցերում՛՛,- ընդգծել է նա:
Սիմակովսկին կարծիք է հայտնում, որ այս վարչակազմը կփորձի վերացնել Հայաստանի մեկուսացումը՝ օգտագործելով ստեղծված կացությունը: Բացի այդ, առկա է խաղաղապահ առաքելության միջազգայնացման և ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանը հասնելու ցանկություն: Սակայն այս ճանապարհին առկա են շատ դժվարություններ, ասում է Սիմակովսկին` ընդգծելով Թուրքիայի ներկայությունը տարածաշրջանում:
՛՛Այս վարչակազմի համար շատ դժվար է լինելու վերականգնել ԼՂ հարցում նախապատեազմյան դիրքերը, հատկապես, երբ Բաքուն կարող է ասել, որ ոչ միայն չկա ԱՄՆ կարիքը, այլ նաև տարածաշրջանում ԱՄՆ-ի բացակայությունը բխել է Ադրբեջանի ազգային անվտանգության շահերից, քանի որ նրանք գտնում են, որ կարողացել են ռազմական ճանապարհով վերականգնել տարածքների հանդեպ վերահսկողությունը և օգտվել տարածաշրջանից Թրամփի վարչակազմի հեռացումից՛՛,- ասում է նա:
Խոսելով Հարավային Կովկասում ամերիկյան քաղաքականության գործիքակազմի մասին, որոնցից է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը, վերլուծաբան Քոլենեյնը շեշտում է՝ ՄԽ ձախողված է: Անհրաժեշտ են նոր մոտեցումներ շատ հարցերում, ներառյալ ՄԽ ձևաչափում, գտնում է նա:
՛՛Չեմ կարծում, որ պարզապես նոր բարձր մակարդակի ԱՄՆ դեսպանի նշանակումը կարող է արդյունավետորեն վերակենդանացնել Մինսկի խումբը: Կարծում եմ, հավանաբար, այն պետք է հիմնովին վերանայվի՛՛,- նշում է Քոլենեյնը:
Քննարկումը վարող վերլուծաբան Սվանթե Քորնելն էլ իր խոսքում կարևորեց Հարավային Կովկասի երկրների՝ խոշոր տերություններից անկախ քաղաքականության ձևավորման անհրաժեշտությունը: Հատկապես, ըստ վերլուծաբանի, դա վերաբերվում է Վրաստանին ու Հայաստանին, որոնք պետք է ուղիներ փնտրեն արտաքին ուժերից կախվածությունը նվազեցնելու համար, որն, ըստ Քորնելի, միշտ չէ, որ շատ հուսալի է, լինի դա Ռուսաստանը, ԱՄՆ, Թուրքիան, թե որևէ այլ տերություն: