Սենատը հաստատեց Բայդընի բյուջետային ծրագիրը

Քվեարկության որոշիչ ձայնը փոխնախագահ Քամալա Հարրիսին էր

ԱՄՆ նախագահ Ջո Բայդընի՝ 1,9 տրիլիոն դոլարի կորոնավիրուսային օգնության փաթեթի արագ ընդունման հարցը նոր թափ ստացավ ուրբաթ օրը առավոտյան, երբ ԱՄՆ Սենատը հաստատեց բյուջեի նախագիծը: Սա հնարավորություն է տալիս դեմոկրատներին Կոնգրեսի միջոցով առաջիկա շաբաթների ընթացքում անցկացնել օրինագիծը՝ անկախ հանրապետականների աջակցությությունից:

15 ժամ տևած քննարկումներից և տասնյակ փոփոխությունների շուրջ անընդմեջ քվեարկություններից հետո Սենատը հայտնվեց փակուղում. բյուջեի նախագիծն ընդունելիս ձայները բաշխվել էին հավասար՝ 50-50: Այս փակուղին հաղթահարվեց փոխնախագահ Քամալա Հարրիսի ձայնի շնորհիվ, որի կողմ քվեարկությունն ապահովեց դեմոկրատների մեծամասնությունը:

Վերջնական քվեարկությունից առաջ դեմոկրատները առաջարկեցին փոփոխություններ, որով վերացվում էին նախկինում կայացրած որոշ որոշումներ Keystone XL խողովակաշարի ապագայի և կորոնավիրուսային օգնությունը Միացյալ Նահանգներում անօրինական ներգաղթյալներին տրամադրելու վերաբերյալ:

Փոխնախագահ Քամալա Հարրիսի նախագահությամբ, դեմոկրատ սենատորներին հաջողվեց ընդունել փոփոխությունները:

Սա առաջին դեպքն է, երբ Հարրիսը քվեարկում է որպես Սենատի նախագահ հունվարի 20-ից փոխնախագահի պաշտոնը ստանձնելուց հետո: