Չնայած վերջին պատերազմը տևել է համեմատաբար ավելի կարճ, այն մեծ ավերածությունների ու մարդկային զոհերի պատճառ է դարձել, ասում է վերլուծաբան Լոուրենս Բրոյերսը London School of Economics կազմակերպած քննարկմանը ՝ ԼՂ հակամարտության մարդասիրական ոլորտի հետևանքների մասին: Պատերազմը ուղեկցվեց քաղաքացիական բնակչության հրթիռակոծումներով, տեղահանվածներով, արգելված կասետային զինատեսակների կիրառմամբ, պատերազմական հանցագործություններով ու գերիների սպանությամբ: Պատերազմի արդյունքում եղան նոր տեղահանվածներ ու փախստականներ:
՛՛Պատերազմի ընթացքում կիրառվել են նաև արգելված ֆոսֆորային զինատեսակներ: Երկու կողմերը մեղադրել են միմյանց, սակայն, որքան ինձ հայտնի է, զենքի կիրառումից այրվածքներ ու այլ ապացույցներ ներկայացված են եղել հայկական կողմից՛՛,- նշում է Բրոյերսը:
ՀՀ-ի ու Ադրբեջանի հարաբերություններն այսօր հասել են այն նվազագույն կետին, երբ չեն գործում մարդասիրական նորմերը՝ օրինակ՝ գերիների փոխանակումը, ընդգծում է Բրոյերսը՝ շեշտելով՝ այս հարցը դիտարկվում է ոչ թե մարդասիրական, այլ քաղաքական հաշվարկների հարթակում:
՛՛Այս նոր իրավիճակը լավագույն սցենարը չէ կողմերից յուրաքանչյուրի համար, բացառությամբ անկասկած Թուրքիայի: Խաղաղության հիմքերը չափազանց մշուշոտ են: Հակամարտության կողմերը՝ ՀՀ-ն ու Ադրբեջանը հայտնվել են հակամարտության պարադիգմի փակուղիում՛՛,- ասում է նա:
Պատմաբան Ջո Լեյքոկի կարծիքով էլ վերջին զարգացումները պետք է դիտարկվեն ավելի լայն պատմական համատեքստում, որն էլ արձանագրում է, թե ինչպես է ընթանում հակամարտությունը, ինչպես են արձագանքում հակամարտության կողմերը, ինչպիսի որոշումներ են նրանք կայացնում և ինչպես են մեկնաբանում տեղի ունեցածը: Նա կարևորում է միջազգային մարդասիրական կառույցների ներգրավվածությունը, սակայն համակարծիք է Բրոյերսի հետ, որ այսօր գոյություն ունեցող անորոշությունը բացասաբար է ազդում մարդասիրական գործոնի վրա: Չկա հստակություն, թե ով կարող է և կամ ով պետք է գործի մարդասիրական ոլորտում, նշում է նա:
՛՛Արձագանքը պատերազմի հետևանքներին ներկայումս ընթանում է խորը անվստահության մթնոլորտում: Եվ դա մարտահրավեր է ցանկացած կառույցի համար, որը պատրաստվում է ներգրավվել տարածաշրջանում՛՛,- նշում է նա:
Լեյքոկը մատնանշում է քաղաքական և մարդասիրական խնդիրների տարանջատման կարևորությունը: Մարդասիրությունը, չնայած երբեմն հակադրվում է քաղաքականությանը, սակայն հաճախ դառնում է քաղաքականության անբաժանելի մաս, պնդում է Լեյքոկը:
Բրոյերսի կարծիքով էլ այսօրվա մթնոլորտում դժվար է խոսել խաղաղության կառուցման մասին: Մոսկվայի միջնորդությամբ ստորագրված եռակողմ հայտարարությունն, ըստ Բրոյերսի, կրում են աշխարհաքաղաքական բնույթ, ուստի վերջնական խաղաղության համար անհրաժեշտ են ավելի մեղմ ենթակառուցվածքներ: Կողմերը երկար տարիներ առաջնորդվել են միմյանց հանդեպ ամենավատ կարծրատիպերով, իսկ այսօր հայտնվելով կողք կողքի՝ ստիպված են օգտվել նույն ենթակառուցվածքներից: Այս իրավիճակում վերլուծաբանը կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել խաղաղության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ:
՛՛Պետք է ընդունենք, որ առկա է եղել խաղաղության սահմանափակ հանրային պահանջարկ: Երկուսն էլ կառուցել են իրենց հետխորհրդային ինքնությունը մեծ հաշվով Ղարաբաղի շուրջ, և այդ մոտեցումը առկա էր քաղաքացիների ձևավորման բոլոր փուլերում՛՛,- ասում է Բրոյերսը:
Բացի այդ, ըստ վերլուծաբանի, կողմերի մոտ բացակայել է հանրային ջանքերի ու պետությունների միջև երկխոսության կապը բանակցությունների գաղտնի ընթացքի պատճառով: Դա սահմանափակել է նոր գաղափարների ու մոտեցումների ձևավորման հնարավորությունը: Բրոյերսը հայտնում է, որ այսօր փորձեր են ընթանում վերակենդանացնելու հակամարտող կողմերի հասարակությունների միջև երկխոսությունը, մասնավորապես ԵՄ ջանքերով: