Այսօր, երբ ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատճառով մահացել է ավելի քան 405 հազար մարդ, նախագահ Ջո Բայդընը ներակայացնում է համավարակի դեմ իր պայքարի ծրագիրը:
‘’Մեր ազգային ռազմավարությունը խելամիտ է, քանի որ այն հենված է ոչ թե քաղաքականության, այլ գիտության վրա: Այն հենված է ճշմարտության, այլ ոչ թե մերժման վրա’’, ասել է նա:
Բայդընն ասում է, թե սա պատերազմական իրավիճակի է նման, եւ որ ինքը դաշնային բոլոր գործակալություններին ու մասնավոր ճյուղին հրահանգել է ձեռնարկել այն բոլոր միջոցները, որոնք հարկավոր են մարդկանց պաշտպանելու, թեստավորելու ու պատվաստելու համար:
ԱՄՆ-ը նաեւ փորձում է վերանորոգել առողջապահության միջազգային կառույցների հետ իր կապերը: Սպիտակ տան առողջապահության հարցերով խորհրդական Էնթընի Ֆաուչին ասել է, որ ԱՄՆ-ը նորից անդամակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը եւ իր կողմից կանի հնարավորինը` համաշխարհային համավարակի դեմ լրջորեն պայքարելու համար:
Նրա խոսքերով, ԱՄՆ-ը նորից միանում է COVAX-ին: Հիշեցնենք, որ սա պետությունների 92 անդամ ընդգրկող կազմակերպություն է, որից հրաժարվել էր Թրամփը ‘’Ամերիկան առաջնային է’’ իր կարգախոսի ներքո: Իսկ կազմակերպության նպատակն է ամբողջ աշխարհում ապահովել կորոնավիրուսի թեստավորումները եւ հիվանդության դեմ պատվաստումները:
Առողջապահութան համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը գոհ է ԱՄՆ-ում այս փոփոխությամբ, քանի որ, ասում է նա, առանց աղքատ պետություններին հարուստ պետությունների կողմից ցուցաբերվող օժանդակության, անհնար կլինի վերացնել համավարակը:
ԱՄՆ-ում մինչ այժմ պատվաստումներ է ստացել ավելի քան 17 միլիոն մարդ: Բայդընի վարչակազմն աշխատում է, որպեսզի կառավարման առաջին հարյուր օրերի ընթացքում ապահովվի հարյուր միլիոն ամերիկացիների պատվաստումը: