Բլինկեն. ՛՛Միասին կարող ենք ավելի լավ հակազդել Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի սպառնալիքներին՛՛

Էնթոնի Բլինկեն

Գալիք վարչակազմի պետքարտուղարի թեկնածուն վկայություն է տալիս Սենատի հանձնաժողովում

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդընի արտաքին քաղաքական թիմը խոստացել է աշխատել ամբողջ աշխարհի գործընկերների հետ` գլոբալ հրատապ խնդիրները լուծելու համար, ներառյալ ժողովրդավարության նահանջն ու Չինաստանի, Ռուսաստանի և այլ ավտորիտար պետությունների հետ աճող մրցակցությունը:

Երեքշաբթի օրը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև ելույթ ունեցավ Էնթոնի Բլինկենը, որին Բայդենն առաջարկել է պետքարտուղարի պաշտոնում:

Բլինկենը օրենսդիրներին վստահեցրել է, որ ԱՄՆ-ը «կարող է հաղթել Չինաստանի հետ մրցակցությունում»:

«Մենք ի վիճակի ենք վերականգնել մեր հիմնական դաշինքները, որոնք բազմապատկում են մեր ազդեցությունն ամբողջ աշխարհում: Միասին մենք կարող ենք ավելի լավ հակազդել Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի սպառնալիքներին, ինչպես նաև պաշտպանել ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները », - ասված է Բլինկենի վկայության տեքստում:

Բլինկենն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն էր Բարաք Օբամայի վարչակազմում:

Նա քաղաքական երկու ճամբարներում ունի լավ համբավ, ուստի իր առաջադրման հարցում չի հանդիպել կուսակցական մեծ դիմադրությանը: Մի խումբ նախկին արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության ոլորտի հանրապետական պաշտոնյաներ, ովքեր չեն աջակցել Բայդենին, կոչ են արել հանձնաժողովi հանրապետականներ նախագահ, Այդահոյի սենատոր Ջիմ Ռիսչին արագ հաստատել Բլինկենի թեկնածությունը:

Հունվարի 19-ին պետքարտուղարի պաշտոնում առաջադրված Էնթոնի Բլինկենը վկայություն տվեց և պատասխանեց սենատորների հարցերին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Թեքսասի հանրապետական կոնգրեսական Մայքլ Մաքքոլը սենատորներին հորդորեց «խորանալ արտաքին քաղաքականության շատ ոլորտներում, որոնց մասին շատ քիչ բան ենք լսել նոր վարչակազմի կողմից»:

Կենտրոնում էին այն հարցերը, թե ինչպես է Բլինկենը մտադիր կառուցել հարաբերություններն առանցքային դաշնակիցների հետ և հաղթահարել Իրանի, Հյուսիսային Կորեայի, Ռուսաստանի և Չինաստանի աճող սպառնալիքները: