Կապիտոլիումի ոստիկանության աշխատակից Բրայան Սիքնիկը մահացավ հինգշաբթի երեկոյան` հունվարի 6-ին Կոնգրեսում Թրամփի կողմնակիցների հետ բախումների արդյուքում ստացված վնասվածքներից:
Սիքնիկը կյանքից հեռացավ երեկոյան 21:30-ի սահմաններում: Այս մասին հայտնում է Կապիտոլիումի ոստիկանությունը, որտեղ նա աշխատում էր 2008 թվականից: Գերատեսչության հայտարարության մեջ ասված է, որ Սիքնիկը «վիրավորվել է ցուցարարների հետ ֆիզիկական բախման ժամանակ» չորեքշաբթի օրը:
Իսկ այդ ընթացքում շարունակվում է հետաքննությունը Կապիտոլիումի շուրջ տեղի ունեցածի կապակցությամբ: Անկարգությունների ընթացքում ձերբակալված անձինք կարող են մեղադրվել խռովություն հրահրելու, ինչպես նաև անկարգություններ ու խռովություններ կազմակերպելու համար: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարեցին արդարադատության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները:
Որպես վկա կհարցաքննվեն նաեւ Կապիտոլիումի ոստիկանության աշխատակիցները: Ինչպես լրագրողներին ասաց Կոլումբիայի շրջանի դատախազի ժամանակավոր պաշտոնակատար Մայքլ Շերվինը, եթե հետաքննությունը գտնի ապացույցներ ոստիկանների՝ անօրինական գործողությունների մեջ ներգրավված լինելու մասին, ապա այդ իրավապահներին ևս մեղադրանք կառաջադրվի:
Կապիտոլիումի ոստիկանությունը սակայն քննադատության թիրախում է անկարգություններին իր արձագանքի համար: Կապիտոլիումի ոստիկանապետ Ստիվեն Սանդը հրաժարական է տվել այդ կապակցությամբ:
Ոստիկանության խոսնակը տեղեկացրել է, որ Սանդը պաշտոնից կհեռանա հունվարի 16-ին՝ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունից ընդամենը մի քանի օր առաջ:
Ավելի վաղ ոստիկանության արհմիության ղեկավարը կոչ էր անում «փոխել ղեկավարությանը»: Կապիտոլիումի ոստիկանությունը քննադատության է ենթարկվել այն բանի համար, որ չի կարողացել կանխել ցուցարարների մուտքը շենք:
Միևնույն ժամանակ, Սենատի մեծամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելը պահանջել է Սենատի անվտանգության հարցերով պատասխանատու պաշտոնյա Մայքլ Սթենգերի հրաժարականը:
«Այսօր ես պահանջեցի, որ Սենատի կարգադրիչ Մայքլ Ստենգերը հրաժարական տա և ստանա իր պաշտոնանկության մասին նամակը, որն ուժի մեջ է մտնելու անմիջապես», - հայտարարել է Մաքքոնելը: