Pfizer-ը պահանջում է սառեցման -70, Moderna-ն` -20 աստիճանի պայմաններ

Քանի որ կորոնավիրուսի դեմ ԱՄՆ-ում կիրառվող առաջին պատվաստանյութը պահպանման համար պահանջում է գերսառը պայմաններ, առաջ է բերում խնդիրներ, որոնց համար այս պահին որոնում են լուծումներ:

Չոր սառույցը, որն ածխածնի երկօքսիդն է, կարող է սառել մինչեւ մինուս 78 աստիճանը:

Օհայո նահանգում չոր սառույց արտադրող “Gehm & Sons” ընկերության սեփականատեր Հարրի Գեհմն ասում է, որ անցած մի քանի շաբաթների ընթացքում իր գործարանի արտադարնքի նկատմամբ պահանջարկը 15 տոկոսով աճել է: Չէ որ կովիդի դեմ Pfizer ընկերության ստեղծած պատվատաստանյութը պահպանելու եւ տեղափոխելու համար պահանջվում է ծայրաստիճան ցածր ջերմաստիճան` -70 աստիճան:

Pfizer-ն այժմ այս պատվաստանյութն առաքում է հատուկ պատրաստված տուփերով, որոնք յուրաքանչյուրը լցված են չոր սառույցներով, եւ որոնք պետք է նորացնել յուրաքանչյուր հինգ օրը մեկ անգամ:

Փորձագետներից Ջուլի Սվանն ասում է, թե խնդիրն այն է, որ տուփերը չի կարելի հաճախակի բացել, քանի որ ջերմաստիճանն այնտեղ կարող է արագ բարձրանալ:

Մյուս կողմից, ածխածնի երկօքսիդի մեծ կուտակումները կարող են լինել մահաբեր: Խոսքը հատկապես վերաբերում է օդանավերով տեղափոխելուն:

Եվ չնայած չոր սառույցի նկատմամբ պահանջարկի աճին, փորձագետների խոսքերով, դեռեւս լուծման սպասող խնդիրներ կան:

Չոր սառույցին փոխարինողի դեր կարող են կատարել հատուկ սառնարանները, որոնք ունեն ուլտրա սառեցման հնարավորություն: Նման սառնարաններ ունեն մեծ քաղաքների որոշ հիվանդանոցներ եւ գիտահետազոտական հաստատություններ: Այնպես որ, հիմա էլ մեծանում է նման սառնարանների պահանջարկը:

Pfizer-ի այս պատվաստանյութի նկատմամբ նկատելի առավելություն ունի Moderna ընկերության ստեղծած նյութը, որի պահպանման համար պահանջվում են միայն մինուս 20 աստիճանի սառեցման պայմաններ: Այնպես որ, Moderna-ն կարող է տեղափոխվել ավելի հեռավոր վայրեր ու ավելի անվտանգ պայմաններում: