Մինչեւ հաջորդ ամառ ԱՄՆ-ում բոլոր ցանկացողները ենթարկված կլինեն կորոնավիրուսի դեմ պատվաստման

Ամերիկայի Միացյալ Նահանգներում արտոնագիր տրվեց կովիդ հիվանդության դեմ Pfizer դեղագործական ընկերության ստեղծած պատվաստանյութին: Սա նշանակում է, որ կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստումներն այստեղ կսկսվեն մի քանի օրից, երկիր, որտեղ այս հիվանդությանը զոհ է գնացել ավելի քան 295 հազար մարդ:

Գերմանական BioNTech ընկերության հետ համատեղ ջանքերով ստեղծված պատվաստանյութը փորձարկումների վերջին փուլում ցույց է տվել 95%-ի արդյունավետություն: Ըստ ընկերության ղեկավարների, այս պատվաստանյութը նախատեսված է 16 եւ բարձր տարիք ունեցող անձանց համար:

Պատվաստանյութի առաջին մոտավորապես 3 միլիոն չափաբաժինները կհատկացվեն առողջապահության բնագավառի աշխատակիցներին եւ երկարաժամկետ խնամքի կենտրոններում գտնվող տարեց անձանց պատվաստումների ենթարկելու համար:

BioNTech-ի գործադիր տնօրեն Ուգուր Սահինն ասել է, թե պատվաստանյութը կօգնի փրկել մարդկային կյանքեր ու զարկ կտա բնականոն կյանքին վերադառնալու ջանքերին:

Կառավարությունը ծրագրում է արագացնել մարդկանց պատվաստման ենթարկելու գործընթացը եւ սպասում է նաեւ Moderna ընկերության ստեղծած պատվաստանյութը հաստատելուն:

Pfizer-ին արտոնագրեր են հանձնվել նաեւ Մեքսիկայում, Բահրեյնում եւ Սաուդյան Արաբիայում:

Ինչպես մասնագետներն են ասում, ի տարբերություն Pfizer-ի ստեղծած պատվաստանյութի, Moderna-ի պատվաստանյութը չունի մինուս 70 աստիճան ցրտի պայմաններում պահեստավորելու անհրաժեշտություն:

ԱՄՆ-ի կառավարությունը վստահ է, որ մինչեւ 2021 թվականի կեսը այստեղ կլինի երկրի 330 միլիոն ազգաբնակչությանը կորոնավիրուսի դեմ պատվաստելու համար անհրաժեշտ քանակությամբ պատվաստանյութ: