«Մենք բաց թողեցինք մի տիեզերական շանս՝ մեծագույն փոփոխությունների գնալու առումով»․ իրավապաշտպան

«Բոլոր մարդիկ  ծնվում  են ազատ ու հավասար` իրենց արժանապատվությամբ և իրավունքներով:  Նրանք օժտված են բանականությամբ ու խղճով և պարտավոր են միմյանց նկատմամբ վարվել եղբայրության ոգով»․ Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագիր,  Հոդված 1-ին։

1948 թվականի դեկտեմբերի 10-ին Միավորված ազգերի կազմակերպության Ընդհանուր Ժողովն ընդունեց ու ազդարարեց Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագիրը, որի ամբողջական տեքստը տեղավորվում է մի քանի էջի վրա` ամփոփված՝ ընդամենը 30 հոդվածներում։ Սա, թերևս, մարդասիրական ամենամեծ քայլն էր, որ կատարվեց երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Մեկ քայլ, որն ահռելի առաջընթաց ապահովեց մարդկության համար, մինչդեռ սահմանում էր ամենատարրական ճշմարտությունները՝ մարդու կյանքի անձեռնմխելիության ու արժանապատվության հարգանքի մասին։

«Ես գիտեմ: Ես դրան հավատում եմ ամբողջ սրտով: Եթե մենք ուզում ենք ազատ և խաղաղ աշխարհ, եթե ուզում ենք այնպես անել, որ անապատները ծաղկեն, և մարդը հասնի ավելի մեծ արժանապատվության՝ որպես մարդ, մենք կարող ենք դա անել»․- ասել է «աշխարհի առաջին տիկին» տիտղոսը ձեռք բերած Աննա Էլեոնոր Ռուզվելտը՝ Միացյալ Նահանգների ամենաերկար պաշտոնավարած նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի կինը, ով եղավ այս Հռչակագրի ընդունման ջատագովն ու նախաձեռնողը։ Նա է ՄԱԿ-ի ամբիոնից ընթերցել Հռչակագիրն, ու դարձրել այն մարդկության սեփականությունը՝ աշխարհը փորձելով դարձնել ավելի լավը ։ Ու որքան էլ պարզ են ու հասկանալի Հռչակագրի պահանջները, դրանք խախտվում են աշխարհի տարբեր երկրներում մինչ օրս, ամեն վայրկյան՝ դրա ընդունվելուց 72 տարի անց։

Յուրաքանչյուր ոք կյանքի, ազատության և սեփական անձի անձեռնմխելիության իրավունք ունի (Հոդված 3): Ոչ ոք չպետք է մնա ստրկության կամ անազատ վիճակում (Հոդված 4): Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգման կամ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի ու պատժի (Հոդված 5): Ամեն ոք, ուր էլ որ լինի, իրավասուբյեկտ ճանաչվելու իրավունք ունի (Հոդված 6): Հռչակագրի այս հոդվածներն այս օրերին ամենից հաճախ են հնչում Հայաստանում ՝ հայ ռազմագերիների մասին խոսելիս։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը աշխարհի իրավապաշտպանների, իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությանն է ներկայացնում զեկույցներին, որոնք ապացույցեր են պարունակում Հռչակագրի՝ մարդու կյանքի ու արժանապատվության նկատմամբ դաժան վերաբերմունքի արգելքը խախտելու մասին։

Այսօր Հայաստանի մարդու իրավունքների պաշտապանը դեռ պայքարում է հենց այս՝ Հռչակագրի առաջին կետերը զբաղեցնող, պարզ մարդկային իրավունքների համար։ Նա իր ՖԲ գրառման մեջ շեշտում է․ «2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կատարած պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները դաժանության աստիճանով նույնիսկ չեն տեղավորվում մարդկային երևակայության մեջ: Դրանք դաժանությամբ այնպիսի արարքներ են, որոնք նույնիսկ գիտական հետազոտություններ են պահանջում՝ հասկանալու համար, թե ի վերջո ինչ աստիճանի դաժանությունների է ընդունակ մարդ էակը»:

Այս տարի Հայաստանը մարդու իրավունքների միջազգային օրը դիմավորեց հակասական տրամադրությունների մեջ՝ արտաքին քաղաքական մարտահրավերների, հետպատերազմյան անորոշության, ներքաղաքական լարվածության պայմաններում։

«Նախորդ տարիներին մեզ այլ խնդիրներ էին մտահոգում, մենք այլ իրավունքների համար էինք պայքարում», նախկին հարցազրույցներն ենք վերհիշում իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ: Ասում է՝ որպես իրավապաշտպան միշտ է քննադատել այդ պահին գործող իշխանություններին դեռ խորհրդային տարիներից , երբ պետությանը քննադատելը վտանգավոր էր կյանքի ու առողջության համար։ Բայց միշտ էլ լավատես է եղել, հեղափոխությունը նա ողջունել է՝ մտածելով, որ իր երբեմնի լավատեսությունը կհիմնավորվի՝ ավելի լավ պետություն ունենալու հնարավորությամբ։

«Շատ բարդ է այսօր խոսել մարդու իրավունքների մասին, հատկապես Հայաստանում, որովհետև մենք քաղաքական, հասարակական ճգնաժամի մեջ ենք ապրում և ազգային ճգնաժամի մեջ»,- ասում է Ավետիք Իշխանյանը՝ թվարկելով խնդիրները, որոնց լուծման ակնկալիքն ուներ դեռ 2 տարի առաջ: «Մարդու իրավունքների մասին խոսելիս միշտ պետք է հաշվի առնել երկրի կառավարման համակարգը, որովետև, եթե կառավարման համակարգը հիմնված չէ իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա, որը իրավական պետության հիմնական առաջնահերթութունն է, ապա, որքան էլ ուզում ես Սահմանադրության մեջ գրիր մարդու իրավունքների պաշտպանության մասին, դրանք, ընդամենը պատռելու թղթեր են, որովհետև չեն գործում»։

Նկատի ունենալով, որ իր հույսերը չեն արդարացել, և նոր իշխանությունները հետևողական չեն եղել կառավարման համակարգը բարելավելու գործում, իրավապաշտպանը շեշտում է, որ վարչապետին կից կառույցները չփոխվեցին, նույնիսկ բռնապետական երկրներում, թեկուզ ձևական գոյություն ունեն ներքին գործերի նախարարություններ, ոչ թե՝ վարչապետին կից ոստիկանություն, ԱԱԾ և քննչական մարմիններ, էլ չասած, որ ժողովրդավարական երկրներում դրանք, իրոք, դե յուրե անկախ են։

Ըստ Ավետիք Իշխանյանի, նաև ատելության խոսքի ու անհանդուրժողականության առումով, երկրում իրավիճակն ավելի վատթարացել է, ըստ որում, նրա խորին համոզմամբ՝ դրանք խրախուսվել են իշխանությունների կողմից։

Իրավապաշտպան լիենլն այսօր առավել քան երբեք դժվար է, քանի որ դժվար է մնալ անկողմնակալ, դժվար է թաքցնել սեփական կարծիքը, հատկապես, երբ քաղաքական ընդդիմախոսների բարիկադներում դիրք են զբաղեցնում նաև ազգականներն ու բարեկամները։ Այն, որ Ավետիք Իշխանյանի քրոջ ամուսինը ընդդիմության կողմից առաջարկվող վարչապետի միասնական թեկնածուն է, չի սահմանափակում իր խոսելու ու սեփական կարծիքը հայտնելու իրավունքը, կարծում է Ավետիք Իշխանյանը՝ հիշեցնելով , որ երբ ինքը միացել էր «Մերժիր Սերժին» շարժմանն ու աջակցում էր հեղափոխությանը, այն ժամանակ արդեն 10 տարի Հանրային խորհրդի նախագահ պաշտոնավարող Վազգեն Մանուկյանը դեմ էր այդ շարժումներին և հրապարակային քննադատել է իրեն ու ստացել դրա պատասխանը։ «Դա պարզունակ մտածողություն է, թե բարեկամները պետք է անպայման համախոհներ լինեն», ասում է իրավապաշտպանն ու պնդում իր չլռելու իրավունքը, երբ նկատում է իրավունքների ոտնահարում և գաղափարական տարակարծություն այս կամ այն քաղաքական ուժի հետ։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը ևս գտնում է, որ այս տարին իրավապաշտպանների համար լիովին նոր մարտահրավերների տարի էր։ Սկսվեց COVID-19 -ի առաջ բերած մարդու իրավունքների սահմանափակումներով, ինչը շատ երկրներում գայթակղություն առաջացրեց վերածել դրանք մարդու ազատությունների սահմանափակման։ Այնուհետև, ավելի մեծ մարտահրավեր ծագեց․ պատերազմն՝ իր բոլոր հետևանքներով։

«Մարդու իրավունքների ամենամեծ երաշխիքը սուվերեն պետություն ունենալն է, իմ խորին համոզմամբ,- ասում է իրավապաշտպանը,- այս պահին մենք ունենք նմանատիպ խնդիր , և ես վստահ չեմ, որ, ով էլ լինի իշխանությունը, ի վիճակի կլինի այս պայմաններում ամբողջությամբ ի կատար ածել մարդու իրավունքների պաշտպանությունը»։

Ցավոք, մենք այս 2,5 տարվա ընթացքում , բաց թողեցինք շատ մեծ հնարավորություն, կարծում է Նինա Կարապետյանցը․ «Մենք բաց թողեցինք այն տիեզերական շանսը, որ տրվել էր մեզ: Մեր ժողովուրդը, իր ձայնը բարձրացնելով, ստեղծել էր մի իրավիճակ, որը կարող էր մեծագույն գաղափարական փոփոխությունների տանել: Մենք չգնացինք այդ ճանապարհով»։ Իրականում կատարվեցին զուտ ֆորմալ, տեխնիկական փոփոխություններ, որոնք հնարավորություն չեն տալիս իրականության մեջ հասնել որևէ հաջողության․ «Այն հանցավոր համակարգը, որ ստեղծվել էր անցած 20-30 տարիներին, կլանեց այդ հեղափոխությունն ու սաղմնային վիճակում սպանեց այդ բոլոր գաղափարները»։

Բայց, միևնույն է, Նինա Կարապետյանցը լավատես է ու հավատում է, որ «իրավիճակը դեռևս շտկել պետք է կարողանանք, քանի որ ուղղակի այլընտրանք չունենք»։