ԱՄՆ նոր նախագահի երդմնակալության արարողությունը կորոնավիրուսային սահմանափակումներից զերծ չի մնա

Բեմահարթակ ԱՄՆ կոնգրեսի շենքի աստիճաններին, ստուգող կայան Սպիտակ տան դիմաց. Միյացյալ նահանգներում պատրաստվում են նորընտիր նախագահի երդմնակալությանը կորոնավիրուսային ժամանակներում:

«Շնորհակալություն, պարոն ընտրված նախագահ: Շատերը հետաքրքված են, թե ինչպիսին է լինելու ձեր երդմնակալության արարողությունը, հաշվի առնելով համաճարակային իրավիճակը» հարցին Բայդենը ժպիտով է պատասխանել է. «Ես էլ»:

Բոլոր ժպիտները մի կողմ՝ Բայդենը մենակ չէ, որ մտածում է, թե ինչպես կորոնավիրուսի համաճարակը կազդի իր երդման արարողությանը նվիրված տոնակատարությունների վրա:

Ջորջ Վաշինգտոնի համալսարանի Քաղաքական կառավարման դպրոցի տնօրեն Լարա Բրաունի խոսքով՝ «Ոչինչ չի խանգարի նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդվելուն, ելույթ ունենալուն և բաց երկնքի տակ իր շուրջը մի քանի հարգարժան անձինք ունենալուն»:

Բրաունն ասում է, որ հեռուստատեսությամբ երդմնակալության արարողությունը դիտող ամերիկացիներից շատերը կնկատեն տարբերությունը. «Կարծում եմ՝ ավելի հավանական է, որ տեսնեք մի տեսակ իրարից հեռացված աթոռներ, միգուցե տարածք մուտք գործելու համար տոմսեր լինեն և մարդկանց անվտանգությունն ապահովող միջոցներ: Կարծում եմ նաև, որ դիմակները պարտադիր կլինեն»:

Նախագահի պաշտոնական երդմնակալության կարգը սահմանվում է Միացյալ Նահանգների Սահմանադրությամբ: Բայդենը խոստովանում է՝ ավանդական սուլոցները, պաստառների ծածանումը կբացակայեն իր երդմնակալության արարողությունից:

«Ենթադրում եմ, որ Փենսիլվանիայի պողոտայում երդմնակալության մեծամասշտաբ երթ չի լինի, բայց ականատես կլինեք Ամերիկայի բոլոր նահանգներում վիրտուալ միջոցառումների՝ ներգրավելով նույնիսկ ավելի շատ մարդկանց, քան նախկինում»,-ասել է Բայդենը:

Լարա Բրաունը ասում է, որ Բայդենի երդմնակալության արարողության ժամանակ մարդկանց քանակը խնդիր չի լինի: Մեծ թվով ամերիկացիներ չեն հավաքվի փողոցում՝ շքերթի մասնակցելու: «Սա լինելու է լրջության, խստության և նպատակադրման ժամանակաշրջան»,-ասել է նա:

Նախագահ Դոնալդ Թրամփը դեռ չի ընդունել ընտրության արդյունքները: Հաղորդվում է, որ քննարկում է իր 2024 թվականի նախագահական ընտրարշավը մեկնարկելու համար մրցակցային միջոցառում անցկացնելու հնարավորությունը:

Բայդենը ասել է, որ իր երդմնակալության թիմը COVID-19-ի հետ կապված շատ հարցեր է քննարկում:

«Նախ և առաջ իմ նպատակը Ամերիկայի անվտանգությունը պահպանելն է, բայց միևնույն ժամանակ թույլ տալ մարդկանց տոնել: Տոնել և տեսնել, թե ինչպես են մյուսները տոնում»: