Թրամփը շարունակում է պնդել, որ ինքը չի պարտվել ընտրություններում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է սոցիալական իր էջերում տեղադրել ուղերձներ այն մասին, որ նոյեմբերյան ընտրություններում տեղ են գտել բազում խախտումներ:

‘’Մենք արդեն այս մասին ունենք փաստեր եւ հստակ փաստեր, որոնք մինչ այժմ չեն ուզում տեսնել դատավորները’’, գրում է նա ‘’Թվիթեր’’-ում ու ‘’Ֆեյսբուք’’-ում:

Նրա խոսքերով արդեն կան հազարավոր այնպիսի քվեներ, որոնք կարող են դառնալ ընտրությունները չեղյալ հայտարարելու հիմք: Նա կոչ է անում դա անհապաղ անել հստակ դիրքորոշում չունեցող նահանգներում:

Այսպիսով Թրամփը հրաժարվում է ընդունել նոյեմբերյան ընտրություններում իր պարտությունը, եւ նրա փաստաբաններն էլ շարունակում են դատական գործեր հարուցելու գործընթացը, այն դեպքում, երբ նահանգային ու դաշնային ընտրական հանձանժողովները պարբերաբար են հայտարարում, որ դրանց համար չկան հիմքեր: Թրամփը հավատացած է, որ վիճակագրությունը ցույց է տալիս, որ ինքը պարտվել չէր կարող:

Իսկ եթե պատահի, որ այնուամենայնիվ Բայդընը հաստատվի նախագահի պատշոտում, ապա ի՞նչ է անելու Թրամփը: Ըստ որոշ տեղեկությունների, Թրամփն այդ դեպքում որոշել է չմասնակցել հունվարի 20-ի նախագահական երդմնակալության արարողությանը եւ մտադիր է հենց նույն օրն էլ հայտարարել 2024 -ին իր թեկնածությունը դնելու որոշման մասին:

ԱՄՆ-ի պատմության մեջ միայն մի քանի նախագահներ են եղել, որոնք մերժել են հաջորդ նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու հրավերը: