Առաջին մարդը Մարսի վրա ոտք կդնի չորս կամ վեց տարի հետո

Առաջին մարդը Մարս մոլորակի վրա ոտք կդնի վեց տարի, կամ նույնիսկ չորս տարի անց: Այս մասին հայտարարել է միլիարդատեր գործարար Էլոն Մասքը Գերմանիայում անցկացված մի միջոցառման ժամանակ: Նրա SpaceX անվամբ հրթիռներ արտադրող ընկերությունն անցյալ ամիս չորս տիեզերագնացներ ուղարկեց դեպի Տիեզերական միջազգային կայան, ինչը ՆԱՍԱ-ի կողմից մասնավոր տիեզերանավով դեպի կայան իրականացված առաջին թռիչքն էր:

Էլոն Մասքը, որը նաեւ էլեկտրական ավտոմեքենաների ու մարտկոցների ‘’Տեսլա’’ ընկերության գործադիր տնօրենն է, Բեռլինում անցկացված միջոցառման ժամանակ արժանացավ ‘’Աքսել Շպրինգերի’’ անվան մրցանակին, որը տրվում է հիմնականում նորարարությունների բնագավառում աչքի ընկած անձանց:

2019 թվականին ‘’Տեսլա’’-ն հայտարարել է Բեռլինի մոտակայքում գտնվող Գրունհայդե քաղաքում Գիգագործարան կառուցելու ծրագրի մասին: Գործարանի շինհրապարակ Մասքը հաճախ է կատարում այցեր:

‘’Տեսլա’’-ն երկու Գիգագորածան ունի կառուցած ԱՄՆ-ում եւ մեկը` Չինաստանի Շանհայ քաղաքում:

Դեպի Մարս թռիչքները կիրականացվեն երկու տարվա ընդմիջումներով, պայմանավորված այն հանգամանքով, որ Երկիրն ու Մարսը երկու տարին մեկ անգամ են հայտնվում միջմոլորակային թռիչքների համար հարմար դիրքերում: