Եթովպիայի դաշնային ուժերն իրենց վերահսկողությունն են հաստատել Թիգրայի շրջանի մայրաքաղաք Մեքելեի վրա: Այս մասին հայտնել են երկրի վարչապետն ու զինված ուժերի հրամանատարը: Թիգրայի շրջանի ռազմական ուժերի կողմից այս լուրը դեռեւս չի հաստատվել: Մարտերն այստեղ սկսվել են երեք շաբաթ առաջ: Երկրի դաշնային ուժերը Թիգրայի ժողովրդական ազատագրության ճակատին տվել էր մինչեւ անցած չորեքշաբթի օրը ժամանակ զենքերը վայր դնելու համար ու սպառնացել էր հակառակ դեպքում սկսել ռազմական գործողություններ ընդդեմ մայրաքաղաքի: Սկսված մարտերի ընթացքում մի քանի հազար մարդ է զոհվել: 43 հազար գաղթականներ անցել են հարեւան Սուդան:
Եթովպիայի իշխանությունները Թիգրայի առաջնորդներին մեղադրում են դաշնային ուժերի վրա հարձակումներ իրականացնելու եղանակով պատերազմ հրահրելու մեջ: Թիգրայի ղեկավարներն այժմ հայտարարում են, որ կես միլիոն ազգաբնակչություն ունեցող մայրաքաղաքը մեծապես տուժել է հրետանակոծությունից: Նրանք հորդորում են միջազգային համայնքին դատապարտել հրետանու եւ օդուժի կիրառումը, եւ իրենց խոսքերով ասած ‘’իրականացվող ջարդը’’:
ՄԱԿ-ը նախազգուշացրել էր պատերազմական հանցագործությունների մասին, եթե Եթովպիայի բանակը հարձակում իրականացներ ընդդեմ Մեքելեի:
Հակամարտությունն այստեղ սկսվեց, երբ 2018 թվականին իշխանության եկավ Աբիյ Ահմեդը որպես երկրի վարչապետ ու փորձեց իրականացնել դժվար բարեփոխումներ: Ու երբ նա հունիս ամսին, պատճառաբանելով կորոնավիրուսի համաճարակը, հետքաձգեց ազգային ընտրությունները, հակասությունները սրվեցին երկրի կենտրոնական իշխանության եւ երկրի հյուսիսում գտնվող Թիգրայի շրջանի առաջնորդների միջեւ: Վերջիններս, պնդելով, որ Աբիյի իշխանության ժամկետը լրացել է, սեպտեմբեր ամսին անցկացրին իրենց ընտրությունները, ինչը կենտրոնական կառավարությունը հայտարարեց ‘’անօրինական’’:
Եթովպիայի եւ նրա հյուսիսում գտնվող Թիգրայի շրջանի բնակչության մոտ 95 տոկոսը քրիստոնյաներ են: