ԱՄՆ-ն հույս ունի՝ ԼՂ-ում տևական խաղաղությունը տեսանելի է

U.S. Mission to OSCE

ԱՄՆ-ը, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, հայտարարությամբ է հանդետս եկել Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության վերաբերյալ, որում, ինչպես փոխանցել է դեսպան Ջեյմս Գիլմոր III-ը, ասվում է.
«Միացյալ Նահանգները, որպես Մինսկի խմբի երեք համանախագահ երկիր, ողջունում է ակնհայտ հրադադարի ռեժիմը և ռազմական գործողությունների դադարեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Մենք միշտ ասել ենք, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի, և մենք խորապես ցավում ենք գրանցված վերջին բռնությունների ու անհարկի մարդկային կորուստների, այդ թվում՝ բազմաթիվ խաղաղ բնակիչների համար: Մինչ իրավիճակը շարունակում է զարգանալ, և մենք ավելին ենք իմանում նոյեմբերի 10-ին հայտարարված պայմանավորվածության մասին, պետք է անդրադառնանք միջազգային հանրության և ԵԱՀԿ-ի դերին թափանցիկ խաղաղության պահպանման գործում:

Մենք խորապես մտահոգված ենք տեղում մարդասիրական իրավիճակով: Մենք կրկնում ենք դեռեւս հիկտեմբերի 10-ից մարդասիրական հրադադարի կոչերը, որոնք վերահաստատվեցին հոկտեմբերի 17-ին և կրկին հոկտեմբերի 25-ին: Մենք հորդորում ենք երկու կողմերին անհապաղ ձեռնարկել հոկտեմբերի 29-ին Ժնևում համաձայնեցված քայլերը:

Մենք կողմերին կոչ ենք անում պաշտպանել խաղաղ բնակիչներին և քաղաքացիական օբյեկտները: Ձմռան սկզբին, համաշխարհային համաճարակի պայմաններում խաղաղ բնակիչների, այդ թվում՝ խոցելի բնակչության, ինչպիսիք են երեխաներն ու ծերերը, լայնամասշտաբ տեղաշարժը ստեղծում է բոլորովին անհարկի հումանիտար ճգնաժամ:

Մենք կողմերին հորդորում ենք խուսափել գործողություններից, որոնք կարող են հանգեցնել բռնության վերսկսմանը, զերծ մնալ բորբոքող հռետորաբանությունից և գործողություններից, օգտվել բռնության դադարեցումից՝ հաստատելու կայուն խաղաղություն: Մենք կոչ ենք անում արտաքին կողմերին գործել պատասխանատու և խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են բռնություն տանել կամ ավելի սրել տարածաշրջանային լարվածությունը:

Այս հակամարտությունը շարունակվում է չափազանց երկար ժամանակ: Այդ տարածքում և տարածաշրջանում բնակչությանը հասցված վնասը չափազանց մեծ է: Հուսով ենք, որ տևական խաղաղությունը մեր տեսադաշտում է: Վստահ ենք, որ Մինսկի խումբը պատրաստ կլինի մասնակցել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելուն»