Իր հաղթանակի ելույթում Ջո Բայդենը փորձել է համախմբել ամերիկացիներին

Խոշոր լրատվամիջոցների կողմից, Փենսիլվանիա և Նևադա որոշիչ նահանգներում Ջո Բայդենի հաղթանակի մասին հայտարարությունից հետո, ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում ցնծություն սկսվեց:

"Ժողովուրդը բարձրաձայնեց, և ակնհայտ ու անվիճելի հաղթանակ ապահովեց: Հաղթանակ՝ մարդկանց համար",- ասել է Ջո Բայդենը:

Իր բնակավայր Դելավերից խոսելով, Բայդենը փորձեց համախմբել երկրի բնակիչներին ամիսներ տևած դժվարին ընտրապայքարից հետո:

"Թող մեղադրանքների այս ժամանակաշրջանն Ամերիկայում ավարտվի այստեղ և այժմ",- հավելել է նա:

Բայդենը նաև խոստացել է արժանի նախագահ լինել, բոլոր ամերիկացիների համար և խոսել է հետագա ծրագրերի մասին:

"Պայքարը՝ վիրուսը զսպելու համար: Պայքարը՝ բարգավաճելու համար: Ձեր ընտանիքների առողջապահությունը բարելավելը: Ռասայական արդարության հասնելու պայքարը: Եվ մեր մոլորակը փրկելու համար՝ կլիմայի խնդիրը կարգավորելը: Ժողովրդավարության վերականգնման, ժողովրդավարության պաշտպանության և երկրում բոլորին հավասար հնարավորություններ տալը",- ասել է Բայդենը:

Փենսիլվանիայում և Նևադայում հաղթանակի արդյունքում Բայդենը 279 այսպես կոչված «ընտրական ձայներ» է ստացել, սակայն քվեաթերթիկների հաշվարկը դեռ շարունակվում է Ջորջիա և Արիզոնա նահանգներում, որտեղ նա այժմ առաջատարն է:


"Անկասկած է, որ Բայդենի ընտրարշավըարդյունավետ է աշխատել, և ձեռք է բերել մի քանի կարևոր տատանվող նահանգների ձայներ",- ասում է Դելավերի համալսարանից, Դեյվիդ Ռեդլավսքը:

Նախագահ Թրամփն էլ, շաբաթ օրը գոլֆ էր խաղում, և բացի Թվիթերում գրելուց, թե "հաղթել է ընտրություններում", այլ հայտարարություններ չի արել:


Թեև Թրամփը զիջելու ոչ մի նշան չի դրսևորում, այնուամենայնիվ, աշխարհի առաջնորդները սկսել են շնորհավորել Ջո Բայդենին՝ հաղթանակի կապակցությամբ:

Դոնալդ Թրամփի ընտրական շտաբը հայտարարել էր, թե Բայդենը "շտապում է տոնել սուտ հաղթանակը", և խոստացել օրենքի միջոցով "հռչակել իրական հաղթողին": Սակայն մասնագետների մեծ մասը չի կիսում այս կարծիքը:

"Նույնիսկ որոշ դատական հաջողություններով, հնարավոր չէ փոխել ներկայիս արդյունքը",- ասում է Վենդերբիլթի համալասարանից Ջեֆֆ Բեննեթը:

Թեև Բայդենի աջակիցները տոնում են վերջինիս հաղթանակը, այնուամենայնիվ, այսպես կոչված «ընտրական ձայներ»-ը պաշտոնապես կհրապարակվեն դեկտեմբեր ամսին, իսկ Բայդենի նախագահությունն ու Քամալա Հարիսի փոխնախագահությունն ուժի մեջ կմտնեն հունվարի 20-ին:

"Այն, որ Ջո Բայդենը՝ կոտրելով կարծրատիպերը, կին փոխնախագահ է ընտրել, խոսում է նրա բնավորության մասին: Թեև ես առաջին կինը կլինեմ այս պաշտոնում, չեմ լինի՝ վերջինը",- ասել է Քամալա Հարիսը:

Քամալա Հարիսը պատմություն կմտնի ոչ միայն որպես առաջին կին փոխնախագահ, այլ նաև որպես առաջին աֆրոամերիկացի փոխնախագահ: