Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը օրինական է ճանաչում հոկտեմբերի 31-ին կայացած ընտրությունները և կիսում ԵԱՀԿ-ի նախնական գնահատականը, որ դրանք ընդհանուր առմամբ անցել են մրցակցային միջավայրում հիմնարար ազատությունների պահպանմամբ: ԱՄՆ դեսպանությունը քննադատել է ընտրությունների ընթացքում գրանցված խախտումները՝ նշելով, սակայն, որ դրանք բավարար չեն ընտրությունները ոչ լեգետիմ ճանաչելու համար:
Վրաստանում նախնական արդյունքների հրապարակումից հետո ընդդիմությունն անմիջապես մեղադրեց իշխանություններին ընտրությունները կեղծելու մեջ և նախաձեռնեց բողոքի ակցիաներ՝ պահանջելով արդյունքների չեղարկում և նոր ընտրությունների անցկացում: Ընդդիմությունը սպառնում է բոյկոտել նոր խորհրդարանը: Հիշեցնենք, որ ըստ ԿԸՀ-ի՝ համամասնական ցուցակով առջևում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որը հավաքել է ավելի քան 48% ձայն: Նրան է հաջորդում Միխեիլ Սաակաշվիլիի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում - Ուժը միասնության մեջ է» դաշինքը՝ ավելի քան 27% ձայներով: Մնացած ձայները բաշխել են մի քանի այլ կուսակցություններ:
Վրաստանում ընտրություններն անցան տարածաշրջանում լարված մթնոլորտի ներքո՝ կապված ԼՂ ռազմական գործողությունների վերսկսման և Թուրքիայի ակտիվ ներգրավվածության հետ: Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան, վերլուծաբան Ռիչարդ Կազլյարիչը վստահ է՝ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը հաշվի են առնում վրացահայ և վրացաադրբեջանցի համայնքների գործոնը:
՛՛Վրաստանն աշխարհագրորեն գտնվում է մեջտեղում, ուստի այս զարգուցումները չեն կարող չանդրադառնալ նրա վրա: Ես հասկանում եմ, թե ինչու է պաշտոնական Թբիլիսին չափազանց հավասարակշռված հանդես գալիս՛՛,- ասում է Կազլյարիչը:
Վերլուծաբան Վիկտոր Քիփիանիի կարծիքով էլ Վրաստանում հայկական և ադրբեջանական էթնիկ փոքրամասնությունների առկայությունը ԼՂ հակամարտության պարագայում զգալի մարտահրավեր է Թբիլիսիի համար: ԼՂ հակամարտության սրումը զգալիորեն վնասում է Վրաստանի արտաքին քաղաքական եվրոատլանտյան ուղեգիծը, գտնում է փորձագետը՝ ընդգծելով, որ Վրաստանը պահպանում է չեզոքությունն այս հարցում, սակայն ունի նաև իր աշխարհաքաղաքական շահերը:
՛՛Որքան երկար տևի այս հակամարտությունն, այնքան դժվար կլինի Վրաստանի համար պահպանել չեզոք հավասարակշռություն՛՛,- գտնում է նա:
Նրա կարծիքով Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի միջև փոխկապակցվածությունն ու փոխկախվածությունը էներգետիկ և այլ հարցերի շուրջ ունի իր դերակատարումը: Մեկ այլ կարևոր գործոն է, ըստ վերլուծաբանի, Թուրքիայի աճող դերը տարածաշրջանում, որը կարող է հանգեցնել երկբևեռ նոր համակարգի ձևավորմանը Հարավային Կովկասում ի հակաշիռ Ռուսաստանի միաբևեռ գերիշխանությանը, սակայն վերլուծաբանը վստահ չէ, թե որքան հեռու կգնա այս հարցում Թուրքիան:
՛՛Կարծում եմ Վրաստանը որքան հնարավոր է կպահպանի իր սահմանագծերը, եթե իհարկե Արևմուտքի քաղաքականությունը չդառնա ավելի պարզ և հստակ այստեղ՛՛,- ասում է նա:
Վրաստանի իշխանությունները հակամարտության առաջին իսկ օրերից հայտարարեցին չեզոքության մասին: Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան առաջարկեց Թբիլիսին որպես չեզոք հարթակ կողմերի միջև բանակցություների համար, որը սակայն մնաց անարձագանք: Շարունակվող սրացումը ծայրաստիճան բացասական ազդեցություն կունենա ամբողջ տարածաշրջանի վրա, հայտարարել էր վարչապետը:
‘’Կարծում եմ, որ Վրաստանի համար իրական մարտահրավեր է լինելու ռազմամթերքի մատակարարման հետ կապված հարցը, և արդյոք Վրաստանը պատրաստ կլինի դրսի ուժերի կողմից երկու կողմերին՝ Հայաստանին և կարծում եմ Ադրբեջանին զինամթերք մատակարարելու հարցում’’,- ասում է Ռիչարդ Կազլյարիչը:
Վրաստանը հայտարարեց իր ցամաքային և օդային տարածքի փակման մասին դեպի ՀՀ և Ադրբեջան ռազմական մատակարարումների համար: Վրաստանի Ազգային անվտանգության խորհուրդն իր հայտարարության մեջ նշել է, որ երկու կողմերն էլ տեղեկացվել են դրա մասին, իսկ ոչ ռազմական տարանցումը շարունակում է գործել:
Դրա հետ մեկտեղ, սակայն, լրատվամիջոցներում ու սոցիալական տարբեր ցանցերում շարունակում են տարածվել չհաստատված պնդումներ Վրաստանի տարածքով դեպի Ադրբեջան շարունակվող թուրքական ռազմական օգնության փոխադրման մասին: Հրապարակումներում նշվում են օդային ուղիներն ու քաղաքացիական թռիչքները, որոնք, ըստ այդ հրապարակումների, զինամթերք են փոխանցում Բաքու:
Ի պատասխան, Վրաստանի ԱԳՆ հայտարարությամբ վերահաստատել է, որ Վրաստանի օդային տարածքը փակ է ռազմական փոխադրումների համար, իսկ քաղաքացիական և մարդասիրական թռիչքների հարցում Թբիլիսին կատարում է իր բոլոր միջազգային պարտավորությունները: ԱԳՆ պարզաբանում է, որ քաղաքացիական թռիչքների համար չի պահանջվում հատուկ թույլտվություն, և դրանք իրականացվում են ծանուցումների և տեղեկատվության հիման վրա: Կոչ անելով բեռնափոխադրող և բեռներ ընդունող երկրներին խիստ վերահսկողություն սահմանել քաղաքացիական և մարդասիրական բեռների հարցում՝ Թբիլիսին ընդգծում է՝ բեռնափոխադրող երկրների առաջնային պարտականությունն է ապահովել քաղաքացիական թռիչքների իրականացումը Չիկագոյի կոնվենցիայի չափանիշների և սկզբունքների համապատասխան, որը արգելում է քաղաքացիական ավիացիայի կանխամտածված օգտագործումը ռազմական նպատակներով: