ԼՂ հակամարտությունը ռուս-թուրքական հակասությունների ներքո

Մոսկվան ու Վաշինգտոնը չնայած առևտրային ու տնտեսական կապերի ակնհայտ հակասություններ ունեն մի շարք տարածաշրջաններում և խնդիրներում, ներառյալ Լեռնային Ղարաբաղում

Ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է միայն Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների շահերի հավասարակշռությունը հաշվի առնելու դեպքում, այսօր Մոսկվայում ընթացող ներդրումային համաժողովի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանի նախագահը շեշտել է, որ առաջնային խնդիրը կրակի դադարեցումն է ու վերադարձը բանակցային գործընթացին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում:

Մինսկի խմբի ձևաչափի մոտեցումը չի կիսում Անկարան: Նախօրեին Թուրքիայի նախագահ Էրդողանի ու ՌԴ նախագահ Պուտինի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը կրկին առաջարկել էր Պուտինին կարգավորել խնդիրը Անկարայի, Մոսկվայի, Բաքվի ու Երևանի միջև քառակողմ երկխոսության միջոցով, որը փաստորեն կհանգեցնի ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի տապալմանը: Ռուս-թուրքական ձևաչափին աջակցում է նաև Ադրբեջանը, իսկ Հայաստանը շարունակում է պնդել, որ ՄԽ-ը խնդրի կարգավորման միակ հարթակն է:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին նախատեսված ՄԽ համանախագահների ու ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ժնևում ինչ-ինչ պատճառներով չկայացավ: Ըստ ՌԴ ԱԳՆ, առկա է համաձայնություն արտգործնախարարների միջև հանդիպումը հոկտեմբերի 30- ին անցկացնելու մասին: ՀՀ ԱԳՆ իր հերթին հայտնել է, որ հոկտեմբերի 30-ին նախատեսված է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Ժնև, ուր արտգործնախարարը կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Ըստ ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանի, հոկտեմբերի 29-ի հանդիպումը չի կայացել իրավիճակային ու լոգիստիկ պատճառներից ելնելով:

Էրդողանի հերթական այս առաջարկը փաստացի մերժվել է Մոսկվայի կողմից: Հոկտեմբերի 29-ին ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովան լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց.

՛՛Համուզված ենք խնդրի խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի շրջանակներում բանակցությունների վերսկսման անհրաժեշտության մեջ՛՛: Զախարովան կրկին ռուսական կողմի խորը մտահոգությունն է հայտնել ռազմական գործողություններում Մերձավոր Արևելքից տեղափոխված օտարերկրյա վարձկանների ավելի ու ավելի մեծածավալ ներգրավման կապակցությամբ: Այս հարցին անդրադարձ է եղել նաև Էրդողան -Պուտին հեռախոսազրույցի ընթացում: Անկարան և Բաքուն հերքում են զինյալների առկայությունը ԼՂ հակամարտության գոտում՝ փոխարենը մեղադրելով վարձկանների օգտագործման մեջ Երևանին: Միջազգային մամուլն ու Ֆրանսիայի նախագահ Մակրոնը սակայն բազմիցս անդրադարձել են այս հարցին՝ հաստատելով Թուրքիայի կողմից Ադրբեջան տեղափոխված զինյալների տեղեկությունը:

ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը Թուրքիայի նախագահ Էրդողանի այսօրվա վարքագիծը որակում է ապակայունացնող և վնասակար: Անկարայի նման ծավալուն միջամտությունը թուրքական սարքավորումների և զինվորականների տեսքով, ըստ դեսպանի, արմատապես փոխել է ԼՂ հակամարտության դինամիկան: Օր առաջ անհրաժեշտ է կանգնեցնել կրակը, գտնում է նախկին դեսպանը:

՛՛Ես կարծում եմ, որ Թուրքիան հատում է կարմիր գիծը, մասնավորապես Ռուսաստանի հարցում: Հակամարտության այլ գոտիներից սիրիացի զինյալների տեղափոխումը կարմիր գծի հատման մեկ այլ դրսևորում է՛՛,- ընդգծում է Էվանսը:

Սիրիացի զինյալների խնդիրը Մոսկվայի ու Անկարայի միջև լարվածության կետերից մեկն է: Մոսկվան բազմիցս անհանգստություն է հայտնել այս կապակցությամբ: Բացի այդ, հայտնի է դարձել, որ Ռուսաստանը զինյալների մասին տեղեկությունը վերջերս փոխանցել է Ադրբեջանի իշխանություններին:

Այս շաբաթ ռուսական օդուժը ռմբակոծել է նաև Իդլիբում Թուրքիայի աջակցության ներքո գտնվող սիրիացի զինյալների ռազմակայանը, որի արդյունքում, ըստ մամուլի վկայության, զոհվել են ավելի քան 70 զինյալներ: Ալ Ջազիրայի փոխանցմամբ, ռազմական այս գործողությունն Իդլիբում խորը դժգոհություն է առաջացրել Թուրքիայի նախագահ Էրդողանի մոտ, ով խորհրդարանում իր իշխող կուսակցության օրենսդիրներին ուղղված ուղերձում ասել է, որ ռուսական օդուժի հարվածները վկայում են, որ Մոսկվան չի ցանկանում կայուն խաղաղություն տարածաշրջանում:

Իր հերթին Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան ընդգծում է՝ Վաշինգտոնի ու Փարիզի ակտիվ միջնորդության բացակայությունը ստեղծում է վակումային վիճակ ԼՂ հակամարտության գործընթացում, որը լրացնում են Ռուսաստանն ու Թուրքիան, սակայն Բրայզան թերահավատ է վերջիններիս համագործակցության հարցում:

՛՛Չեմ կարծում, որ Ռուսաստանն ու Թուրքիան ի վերջո կհամագործակցեն այս հակամարտությունում: Նրանք այստեղ հակադիր կողմերում են ինչպես, օրինակ, որոշակի առումով Լիբիայում: Սիրիայում նրանք ևս տարբեր կողմերում են՝ չնայած համակարգում են աշխատանքներն Աստանայի գործընթացի շրջանակում՛՛,- ասում է Բրայզան:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները ևս աջակցում է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի ներքո բանակցային գործընթացը: Օրերս ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է, որ պետքարտուղար Մայք Պոմպեոն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում պետքարտուղարը ճնշում է գործադրել առաջնորդների վրա, որպեսզի վերջիններս հավատարիմ մնան իրենց ստանձնած պարտավորություններին՝ կապված ռազմական գործողությունների դադարեցման և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո հակամարտության դիվանագիտական կարգավորման հետ: Վաշինգտոնը կրկին շեշտել է՝ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում: