Էրդողանի ծաղրանկարները, իսլամիստների վրդովմունքը, Ֆրանսիայի արձագանքն ու մուրճի հարվածից տուժած հայերը. Ֆրանսա-թուրքական հարաբերություններ

Ֆրանսիական Չառլի Էբդո երգիծական շաբաթաթերթի վերջին համարի շապիկին ծաղրի է ենթարկվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Ինչն էլ ավելի է սրել երկու երկրների միջև լարվածությունը:

Էրդողանը քննադատել է շաբաթաթերն ասելով,- "Ես նույնիսկ չեմ նայել այդ ծաղրանկարին, չեմ էլ հաշվի առել այս անբարոյական հրապարակումները":

Սակայն Թուրքիայի ազգայնական "Վատան" կուսակցությունը ոչ միայն տեսել էր ծաղրանկարները, այլև ցույցի դուրս եկել Անկարայում Ֆրանսիայի դեսպանության առջև:

Հիշեցնենք, որ խոսքի ազատության մասին դասի ժամանակ Չառլի Էբդո շաբաթերթում տեղ գտած Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարն աշակերտներին ցույց տալու համար գլխատվել էր ֆրանսիացի ուսուցիչ Սամուել Պատին: Ուսուցչի հուղարկավորության ժամանակ Ֆրանսիայի նախագահն ասել էր, որ "Ֆրանսիան երբեք չի հրաժարվի իր ազատություններից կամ իր ծաղրանկարներից": Ինչին հետևեց նաև Փարիզում մզկիթներից մեկի փակումը:

Հարկ է նշել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման առաջին իսկ օրերից ի վեր Ֆրանսիայի նախագահը բազմիցս քննադատել է Ադրբեջանի ագրեսիան և Թուրքիայի նախագահին հորդորել հեռու մնալ հակամարտությունից: Ֆրանսիայում բնակվող հայերը ի աջակցություն Հայաստանի և ԼՂ-ի շաբաթներ շարունակ խաղաղ ցույցեր են անցկացնում: Հոկտեմբերի 28-ին, ցույցի ժամանակ ծեծկռտուք է սկսվել հայ ցուցարարների և մի խումբ ազգությամբ թուրք անձանց միջև: Ֆրանսիական մամուլի տեղեկությամբ ծանր մարմնական վնասվածքներ են ստացել մեկ հայ և չորս թուրք: Ծեծկռտուքի ժամանակ կիրառվել են դանակներ, մահակներ և մուրճեր:

Խնդիրը թերևս ավելի լուրջ է քան պարզապես ծաղրանկարներն ու միմյանց հանդեպ հնչեցրած քննադատությունները, քանզի Թուրքիայի նախագահը օրեր առաջ իր քաղաքացիներին նաև կոչ էր արել հրաժարվել ֆրանսիական արտադրության ապրանքներից: Ինչը միանշանակորեն չի ընդունվել Թուրքիայի բնակիչների կողմից:

"Միևնույնն է, ես արդեն բոյկոտում եմ ու գնում թուրքական ապրանքներ: Ասենք, ես Coca Cola չեմ խմում և բոյկոտում եմ նաև ամերիկյան ապրանքները",- ասում է Անկարայի բնակիչ Մահմութ Աթիլլան:

Մեկ այլ բնակիչ Գուզիդե Քոսիֆողլուին թերևս ավելի շատ անհանգստացնում է երկրի տնտեսության քան Ֆրանսիայի հետ թշնամանքի մասին: Նա սում է,- "Սա մեր երկրին ու բնակիչներին շատ կվնասի: Այստեղ Թուրքիայում շատ ֆրանսիական բրենդերի ապրանքներ են արտադրվում: Բոյկոտելը լուծում չէ, որոշումը էմոցիոնալ կերպով է կայացվել: Ես համամիտ չեմ":

Համամիտ չէ նաև Եվրամիությունը: ԵՄ հանձնաժողովի խոսնակ Բալազ Ուժվարին ասել է, թե Էրդողանի հայտարարած Ֆրանսիական ապրանքների բոյկոտը էլ ավելի է նվազեցրել Եվրամիության անդամ դառնալու նրա հնարավորությունները:

Մինչ Ֆրանսիայիում բնակվող թուրք համայնքը հույս է հայտնում, որ երկու երկրների միջև հարաբերությունները շուտով կկարգավորվեն՝ իսլամական աշխարհի դժգոհությունն աճում է Ֆրանսիայի և հատկապես Էմանուել Մակրոնի նկատմամբ, ում լուսանկարները շարունակում են այրել Պակիստանի, Պաղեստինի և որոշ այլ իսլամական երկրների բնակիչներ: