Ռուսաստանն ու ղարաբաղյան հակամարտությունը. Ինչ նպատակներ է հետապնդում Մոսկվան

ՌԴ շարունակում է դրսևորել չեզոք դիրքորոշում հայ-ադրբեջանական պատերազմի շուրջ: Վերլուծաբանները քննարկում են Ռուսաստանիվարքագիծը ԼՂ հակամարտության այս փուլում՝ կարծիք հատնելով Մոսկվայի նպատակների մասին

Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը, ի պատասխան Ամերիկայի Ձայնի հարցմանը ղարաբաղյան հակամարտության շուրջ զարգացումների վերաբերյալ, տրամադրել է հետևյալ արձագանքը.

՛՛Ինչպես նշել է պետքարտուղար Պոմպեոն հոկտեմբերի 5-ի իր համատեղ հայտարարության մեջ, մենք դատապարտում ենք բռնության աննախադեպ ևվտանգավոր աճըև հակամարտող կողմերին կոչ ենք անում ընդունել անհապաղ և անվերապահ հրադադարի ռեժիմ և վերադառնալ առարկայական բանակցություններին առանց նախապայմանների: Միացյալ Նահանգները շարունակում է հավատալ, որ արտաքին կողմերի մասնակցությունը բռնության աճին խորապես անօգուտ կլինի և միայն կխորացնի տարածաշրջանային լարվածությունը՛՛:

Հոկտեմբերի 8-ին Ռուսաստանի արտգործնախարարության մամլո խոսնակ Մարիա Զախարովան, ըստ Իտար-Տասսի, հայտնել է, որ ՌԴ-ը առաջարկել է Մոսկվան որպես հարթակ ՀՀ և Ադրբեջանի միջև հանդիպման համար: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, նշել է Զախարովան:

Ղարաբաղյան հակամարտության գոտում ավելի քան տաս օր ընթացող արյունալի ռազմական գործողությունների ֆոնին ՌԴ-ը դրսևորում է չեզոք դիրքորոշում՝ տարբեր ձևաչափերով կողմերին հորդորելով դադարեցնել կրակն ու վերսկսել բանակցությունները: Մոսկվան ընդգծում է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ հայտարարություններն այս խնդրի շուրջ ապացույց են Ֆրանսիայի, ՌԴ ու ԱՄՆ-ի միասնական դիրքորոշման:

Վերլուծաբան Արիել Քոհենը հակամարտության դադարեցման հարցում կարևորում է խոշոր տերությունների դիրքորոշումներն ու նրանց մինչև հավասարակշռությունը: Խոսելով ստեղծված իրավիճակում ՌԴ-ի նպատակների մասին՝ վերլուծաբանն ընդգծում է ՝ Մոսկվայի նպատակն է թույլ չտալ Թուրքիայի հաստատումը տարածաշրջանում: Նա Թուրքիայի նախագահ Էրդողանի քաղաքականությունը ԼՂ հակամարտության հարցում որակում է ՛՛չափազանց ռիսկային վարքագիծ՛՛, քանի որ վերջինս ներթափանցել է գոտի, որը ՌԴ համարում է իր ազդեցության ոլորտ: Անկարայի ուղիղ աջակցությունը Բաքվին հնարավորություն է տալիս Երևանին դիմելու Մոսկվայի օգնությանը, նշում է Քոհենը:

՛՛ՌԴ չի ցանկանում, որ Թուրքիան հաստատի որևէ տեսակի ներկայություն տարածաշրջանում, ներառյալ ռազմական, քանի որ գիտակցում է, որ եթե Թուրքիան դերակատարություն ունենա այս հակամարտության մեջ, ապա կարող է ինչ-որ դերակատարություն ստանձնել նաև Աբխազիայում, ռուս-վրացական հակամարտությունում, և դա Ռուսաստանի համար ցանկալի իրավիճակ չէ՛՛,- ասում է Քոհնը:

Նրա կարծիքով եթե Ադրբեջանն արագորեն չի հասնում իր նպատակներին, չի կարողանում փոխել ուժերի հարաբերակցությունը և ստիպել Երևանին ընդունելու իր թելադրած պայմանները, ապա իրավիճակը կարող է զարգանալ ոչ ի օգուտ Բաքվի՝ հանգեցնելով ՌԴ-ի ներգրավվածությանը:

՛՛Ես լսում եմ Մոսկվայից հնչող կարծիքներ, որոնք խոսում են այն մասին, որ Պուտինը փորձում է դաս տալ Փաշինյանին, մի քանի շաբաթվա հնարավորության պատուհան տրամադրել Ալիևին՝ պատերազմելու և իր նպատակներն իրականացնելու համար: Եվ եթե նա չկարողանա իրականացնել իր նպատակները, ապա ծագում է հարց՝ ինչպես վարվել: Ըստ հետագա սցենարի՝ ՌԴ կփորձի միջամտնել հակամարտության կարգավորմանը և դուրս մղել Թուրքիային՛՛,- ասում է նա:

Վերլուծաբան Աննա Բորշչևսկայի կարծիքով էլ ոչ Մոսկվան և ոչ էլ Անկարան չեն ցանկանում ուղիղ ընդհարում Հարավային Կովկասում՝ չնայած երկրների միջև շատ տարաձայնությունների: Բորշևսկայայի կարծիքով ՌԴ-ի համար ընդունելի չէ ծայրահեղ իսլամական տարրերի ներգրավվածությունը ղարաբաղյան հակամարտության գոտում: Բացի այդ, Կրեմլի համար անընդունելի է նաև հայ-ադրբեջանական հակամարտության վերահսկողությունից դուրս գալը, գտնում է վերլուծաբանը:

՛՛Սառեցված հակամարտությունը մեկ բան է, որը Մոսկվան կարողանում է տնօրինել, սակայն ՌԴ-ը չի ցանկանում տեսնել այստեղ լայնածավալ պատերազմ՛՛,- ասում է Բորշչևսկայան:

Հոկտեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Պուտինը, ՀՀ ու Ադրբեջանի ղեկավարների հետ մի շարք հեռախոսազրույցներից հետո, կոչ է արել մարդասիրական նկատառումներով դադարեցնել ընթացող ռազմական գործողությունները ԼՂ հակամարտության գոտում: Կրեմլի հաղորդագրությունում նշված է, որ ՌԴ արտգործնախարարի միջնորդությամբ այս թեմայով խորհրդակցություններ անցկացնելու համար հոկտեմբերի 9-ին Մոսկվա են հրավիրվել ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարները: