ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ հայտարարությամբ խստորեն դատապարտել են ԼՂ հակամարտության գոտում ուժի կիրառումը՝ կոչ անելով հակամարտող կողմերին անհապաղ դադարեցնել կրակը: Նախագահները հորդորել են Բաքվին և Երևանին առանց նախապայմանների վերսկսել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ: Մի փոքր ավելի ուշ առանձին նման հայտարարությամբ է հանդես եկել Սպիտակ տունը:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն «Fox News» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վերահաստատել է հակամարտության կողմերին՝ հաշտության, իսկ արտաքին ուժերին ՝ հակամարտությանը չմիջամտելու ամերիկյան կողմի կոչերը: Մենք դեմ ենք, որ հակամարտությունը միջազգայնանա, ասել է ԱՄՆ պետքարտուղարը՝ ընդգծելով, որ արտաքին ուժերը պետք է դրանից դուրս մնան:
Շուտափույթ հրադադարի և կայունության հաստատման անհրաժեշտության մասին խոսել է նաև ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օբրայենը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում: Դեսպան Օբրայենը շեշտել է` հակամարտությունը չունի ռազմական լուծում:
Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչը կարևորում է համանախագահող երկրների առաջնորդների հայտարարությունը: Նա ընդգծում է զինադադարի վերականգման կոչին ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավված Մինսկի խմբի բոլոր երկրների միավորման կարևորությունը:
՛՛Կարևոր է, որ հակամարտության կողմեր Հայաստանն ու Ադրբեջանը գիտակցեն, որ իրենց միջազգային գործընկերները, որոնք ջանքեր են գործադրում որպես միջնորդներ, ունեն միասնական դիքորոշում այս հարցում՛՛ ,- ասում է Կազլյարիչը:
Չնայած հնչող կոչերին զինադադարի վերականգման մասին՝ լարվածությունը ղարաբաղյան հակամարտության գոտում շարունակում է մնալ չափազանց բարձր: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում ԵՄ գագաթաժողից առաջ ընդգծել է, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում մնում է չափազանց ՛՛լուրջ՛՛ : Նա նաև անդրադարձավ այստեղ ֆրանսիացի լրագրողի վիրավորման փաստին՝ նշելով, որ ամեն ինչ արվում է նրան բժշկական օգնություն տեղում ցուցաբերելու ու Ֆրանսիա տեղափոխելու համար:
Բաքվին և Երևանին ուղղված համանախագահող երկրների հայտարարությանն արձագանքեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ով երկրի խորհրդարանում կրկին վերահաստատեց Անկարայի անվերապահ աջակցությունը Բաքվին ու քննադատեց համանախագահների հայտարարությունը՝ նշելով, որ ԱՄՆ, ՌԴ ու Ֆրանսիան մոտ 30 տարի անտեսել են խնդիրը: ‘’Անհընդունելի է, որ նրանք ներգրավված լինեն հրադադարի հաստատման հարցում` հաշվի առնելով ներկա զարգացումները’’, հայտարարել է Էրդողանը` առաջ քաշելով հայկական ուժերի դուրս բերման նախապայման:
ՀՀ արտգործնախարարությունն իր հերթին կոչ է արել Անկարային ականջալուր լինել միջազգային հանրության խիստ կոչերին արտաքին ներգրավածության բացառման վերաբերյալ՝ նշելով, որ միջազգային հանրությունը միասնական է մարտական գործողությունների դադարեցման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու հարցում:
Վերլուծաբան Ստեֆան Բլանկը սակայն անարդյունավետ է որակում Մինսկի խմբի ձևաչափը հակամարտության կարգավորման և մարտական գործողությունների դադարեցման համար: Նա գտնում է, որ ՆԱՏՕ-ն և Մոսկվան պետք է համատեղ հանդես գան այս հարցում:
՛՛ՆԱՏՕ պետք է պարզ նշի Թուրքիային, որ եթե այն ուղիղ ներգարվվի պատերազմում, ապա դաշինքը նրան չի աջակցի: Դա կսթափեցնի Էրդողանին: Այնուհետև Ռուսաստանը պետք է հասցնի Հայաստանին, որ այն չի պատրաստվում միջամտել նրա կողմից հակամարտությանը, և Հայաստանը պետք է բանակցի՛՛,- ասում է Բլանկը:
Նրա կարծիքով Փաշինյանին ու Էրդողանին այս ուղերձները հասցնելուց հետո միայն միջազգայիւն հանրությունը պետք է ճնշում բանեցնի Ալիևի վրա՝ կրակը դադարեցնելու համար: Դրանից հետո, ըստ վերլուծաբանի, հակամարտության կողմերին պետք է պարտադրել խաղաղ բանակցություններ: Բլանկը կարգավորումը տեսնում է Մադրիդյան սկզբունքների հիման վրա: