Հրաժարական ներկայացրեց Լիբանանի վարչապետը

Հրաժարական է ներկայացրել Լիբանանի վարչապետի պատշոնում նշանակված Մուսթափա Ադիբը: Նրան չի հաջողվել Բեյրութում անցյալ ամիս տեղի ունեցած հսկա պայթյունից հետո ցրված կառավարության փոխարեն կազմել նորը:

Շաբաթ օրը հանդես գալով հեռուստատեսային ուղերձով` նա ասել էր. ‘’Ներողություն եմ խնդրում նոր կառավարություն կազմելու պարտականությունը շարունակել չկարողանալու համար’’:

Անցած մեկ ամսվա ընթացքում նա լարված բանակցություններ էր անցկացնում երկրի քաղաքական տարբեր խմբավորումների հետ, սակայն համաձայնության գալ այդպես էլ չի հաջողվել:

Ադիբի հրաժարականը քաղաքական հարված է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի համար, որը փորձում էր օգնություն ցուցաբերել իր երկրի նախկին գաղութ Լիբանանի ճգնաժամը հարթելու գործում: Մակրոնի օգնականն Ադիբի հրաժարականն անվանել է քաղաքական կուսակցությունների կողմից ‘’հավաքական դավաճանություն’’:

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի համար, ինչի արդյուքնում ավելի քան 200 մարդ էր զոհվել, հազարավոր այլոք` վիրավորվել, ավելի քան 250 հազար մարդ` մնացել անօթեւան, շատերը մեղադրում են նախկին իշխանություններին, քանի որ ամոնիումի նիտրատի 2750 տոննա կշռող պաշարն առանց ճիշտ պահեստավորման այստեղ էր պահվել մոտ վեց տարի: