Միավորված ազգերի կազմակերպության առողջապահական գործակալությունը խորհուրդ է տալիս, որ COVID-19 համաճարակի ընթացքում սեզոնային գրիպի պատվաստման ծրագրերում առաջնահերթությունը տրվի բուժաշխատողներին և տարեցներին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գրիպի պատվաստումների բաժնի ղեկավար, դոկտոր Էն Մոենն ասել է, որ պահանջարկի մեծ ալիք է գրանցվել. «Մենք այժմ տեղեկանում ենք, որ կան երկրներ, որոնք դժվարություններ ունեն գրիպի պատվաստանյութեր ձեռք բերելու գործում»:
Մոենը նաև ասել է, որ հարավային շրջանները գրիպի տարածման ռեկորդային ցածր մակարդակ են ունեցել, որը մասամբ կապված է սոցիալական հեռավորության միջոցառումների և ճանապարհորդության սահմանափակումների հետ:
Վերջինիս խոսքով՝ իրենք հույս ունեն, որ հյուսիսային շրջանները կհետևեն այդ օրինակին՝ կիրառելով նույն միջոցառումները և իրականացնելով լայնածավալ պատվաստումներ: Այդուհանդերձ, մասնագետը զգուշացրել է՝ տարբեր երկրներում արգելափակումների վերացումից հետո հնարավոր է, որ գրիպը նորից տարածվի:
Ըստ բանախոսի՝ սեզոնային գրիպից տարեկան միջին հաշվով աշխարհում 290,000-650,000 մարդ է մահանում: