Անակնկալ այս արարողությունը, որը սովորաբար հանդիսանում է պետական կարևոր միջոցառում, անցկացվեց առանց նախազգուշացման՝ հիմք ընդունելով օգոստոսի 9-ի վիճահարույց ընտրությունների արդյունքները, ըստ որոնց, Լուկաշենկոն հավաքել էր ութսուն տոկոս ձայն:
Ընդդիմությունը նրան մեղադրում է զանգվածային ընտրակեղծիքների մեջ: Ավելի քան վեց շաբաթ չեն դադարում զանգվածային բողոքի ակցիաները Բելառուսում, որոնք պահանջում են Լուկաշենկոյի հեռացումը: Միացյալ Նահանգները և Եվրամիությունը պատժամիջոցներ են մշակում ընտրություններում ներգրավված պաշտոնատար անձանց նկատմամբ, ինչպես նաև ուժային կառույցների ներկայացուցիչների, ովքեր ներգրավվել են հետընտրական բռնություններում:
Պաշտոնական լրատվական Belta գործակալությունը հայտնում է, որ Լուկաշենկոն, աջ ձեռքը Սահմանադրության վրա դրված, երդվել է արարողության ընթացքում, որին ներկա էին միջոցառման մի քանի հարյուր մասնակիցներ:
«Ես չեմ կարող և իրավունք չունեմ հրաժարվել բելառուսցիներից», - ասել է նա:
Գաղտնի երդմնակալության մասին լուրերը տարածվում էին Մինսկում նախքան միջոցառումը, երբ չորեքշաբթի օրը նրա ավտոշարասյունը անցավ մայրաքաղաքի կենտրոնով:
66-ամյա ՛՛Եվրոպայի վերջին բռնակալը՛՛ իր խոսքում նշել է, որ երկիրը անվտանգության և համաձայնության կարիք ունի «համաշխարհային ճգնաժամի շեմին»՝ ակնհայտ հղում անելով COVID-19 համաճարակին:
Ընդդիմադիր գործիչ Պավել Լատուշկոն ասաց, որ երդմնակալությունը նման էր «գողերի» գաղտնի հանդիպման»: «Ո՞ւր են ուրախ քաղաքացիները, ո՞ւր է դիվանագիտական կորպուսը», գրել է նա սոցցանցերում: Ըստ նրա՝ ակնհայտ է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն բացառապես ՕՄՕՆ- ի ու մի բուռ ստախոս պաշտոնյաների նախագահն է:
Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչյուսը Twitter- ում երդմնակալությունը որակել է ֆարս՝ ընդգծելով, որ Լուկաշենկոյի ոչ լեգիտիմությունը փաստ է այստեղից բխող բոլոր հետեւանքներով:
Լուկաշենկոն իր խոսքում խոստացել է «հավատարմորեն ծառայել Բելառուսի Հանրապետության ժողովրդին, հարգել և պաշտպանել անձի և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները» և պաշտպանել սահմանադրությունը: Սակայն մինչ այժմ նա կարողացել է դիմագրավել ցույցերին միայն իր դաշնակից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աջակցության շնորհիվ:
Անցած շաբաթ կայացած Պուտին-Լուկաշենկո հանդիպմանը Մոսկվան Լուկաշենկոյին տրամադրեց 1,5 միլիարդ դոլարանոց վարկ: Բացի այդ, կողմերը Բելառուսում անցկացրել են «Սլավոնական եղբայրություն» ռազմական զորավարժություններ:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ երդման արարողությունը «բացարձակապես Բելառուսի ղեկավարության ինքնիշխան որոշումն է»: Հարցին, թե արդյոք հրավեր է ստացել Պուտինը, խոսնակն ասել, որ կարծես թե արտասահմանյան որևէ առաջնորդի ներկայություն չէր նախատեսվել:
Անցյալ շաբաթ Միավորված ազգերի կազմակերպությունը որոշել է ուժեղացնել Բելառուսում մարդու իրավունքների խախտման դեպքերի դիտարկումը: Իրավապաշտպան Անաիս Մարին ասել, որ ընտրություններից հետո ավելի քան 10,000 մարդ ձերբակալվել է անօրինական կերպով, ավելի քան 500 հաղորդում է ստացվել խոշտանգումների մասին, հազարավոր մարդիկ ենթարկվել են բռնության:
Բելառուսի իշխանությունները հայտարարել են, որ ոստիկանությունը գործել է պրոֆեսիոնալ՝ հրաժարվելով մեկնաբանել բռնաճնշումների մասին մեղադրանքները:
Ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան, ով ընտրություններից հետո մահի սպառնալիքի արդյունքում ստիպված էր լքել Բելառուսը, Լուկաշենկոյի գաղտնի երդմնակալությունից հետո հայտարարել է, որ վերջինս այլևս լեգետիմ նախագահ չէ և այդ պաշտոնը զբաղեցնում է օրենքին հակառակ: Ըստ նրա՝ Լուկաշենկոյի արձակած յուրաքանչյուր հրաման այսուհետ անօրինական է, և միայն ինքը՝ Տիխանովսկայան է հանդիսանում երկրի օրինական առաջնորդը: Նա կոչ է արել շարունակել պայքարը Լուկաշենկոյի վարչակարգի տապալման համար՝ հայտարարելով, որ առաջնորդում է բելառուսցիներին այս պայքարում:
Նախկինում Տիխանովսկայան ափսոսանք էր հայտնել, որ ՌԴ նախագահը համաձայնվել է հանդիպել Լուկաշենկոյի հետ: Բացի այդ, Տիխանովսկայան հայտարարել էր, որ այս հանդիպման արդյունքում ընդունված բոլոր որոշումները հետագայում կվերանայվեն նոր կառավարության կողմից, որը կձևավորվի Լուկաշենկոյի հեռացումից հետո: