Կալիֆորնիան արգելելու է 2035-ից սկսած բենզինով աշխատող նոր մարդատար մեքենաների վաճառքը

Կալիֆորնիան արգելելու է բենզինով աշխատող նոր մարդատար մեքենաների և բեռնատարների վաճառքը 2035 թվականից սկսած՝ էլեկտրական մեքենաների անցնելու և գազերի արտանետումները կրճատելու նպատակով, հայտարարել է նահանգապետ Գեվին Նյուսոմը:

«Կլիմայի փոփոխության դեմ պայքարելուն ուղղված սա մեր նահանգի կողմից մեծ ազդեցություն ունեցող քայլ է: Տասնամյակներ շարունակ մենք թույլ ենք տվել մեքենաներին աղտոտել այն օդը, որը շնչում են մեր երեխաներն ու ընտանիքները: Մեր ժողովուրդն արժանի է ունենալու այնպիսի մեքենա, որը երեխաների մոտ ասթմա չի առաջացնի... Մեքենաները չպետք է հալեցնեն սառցադաշտերը կամ բարձրացնեն ծովի մակարդակը` վտանգելով մեր լողափերը և առափնյա շրջանները»,-ասել է նահանգապետը:

Կալիֆոռնիան ունի ԱՄՆ-ի խոշորագույն ավտոշուկան: Այս նահանգին բաժին է ընկնում ԱՄՆ տրանսպորտային միջոցների վաճառքի շուրջ 11% -ը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձել է խոչընդոտել Կալիֆոռնիայում էլեկտրական մեքենաների վաճառքը, մինչդեռ նրա մրցակից Ջո Բայդենը խոստացել է միլիարդներ ծախսել էլեկտրական մեքենաներին անցումն արագացնելու համար:

Կալիֆորնիայի նահանգապետը հայտնել է նաև, որ մշակվելու են կանոնակարգեր`պարտավորեցնելու, որ նոր մարդատար ավտոմեքենաների և բեռնատարների 100%-ը զրոյական արտանետումներով լինեն մինչև 2035 թվականը, ինչը կնվազեցնի ածխաթթու գազերի արտանետումները 35% -ով, իսկ մինչև 2045 թվականը հասնել զրո արտանետումների:

Իսկ մինչ այդ ժամկետը Նյուսոմի հրամանը չի խանգարի կալիֆորնիացիներին բենզինով աշխատող մեքենաներ ունենալ կամ դրանք վաճառել օգտագործված մեքենաների շուկայում: