Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան Եվրամիությանը հորդորել է հաստատել պատժամիջոցներ անցյալ ամսվա նախագահական ընտրությունները կեղծելու մեջ մեղադրվող պաշտոնյաների նկատմամբ:
Օգոստոսի 9-ի վիճահարույց ընտրություններից հետո նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ զանգվածային բողոքի ցույցերի վեցերորդ շաբաթն է լրացել, սակայն ԵՄ-ն դեռևս չի կիրառել բելառուսցի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ: ԵՄ անդամ երկրները դեռ պետք է հաստատեն թիրախավորված մոտ 40 պաշտոնյաների վերջնական ցանկը:
«Պատժամիջոցները կարևոր են մեր պայքարում, քանի որ դա ճնշման մի մասն է, որը կարող է ստիպել այսպես կոչված իշխանություններին երկխոսություն սկսել ընդդիմության հետ», - ասել է Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան, ով ընտրություններից հետո անվտանգության նկատառումներով փախել էր Լիտվա:
ԵՄ-ն, ինչպես նաև Միացյալ Նահանգները, ցանկանում են, որ Բելառուսում անցկացվեն նոր ընտրություններ, և 26 տարի երկիրը ղեկավարած Ալեքսանդր Լուկաշենկոն հրաժարական ներկայացնի: Տիխանովսկայան, ում համախոհները պնդում են, որ նա հաղթել է օգոստոսի 9-ին կայացած ընտրություններում, բացառել է իր մասնակցությունը նոր ընտրություններին: