Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկուշաբթի օրը ժամանել է Ռուսաստան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման համար: Հիշեցնենք, որ արդեն հինգերորդ շաբաթն է Բելառուսում անընդմեջ ընթանում են զանգվածային բողոքի ցույցեր, որոնք պահանջում. են Լուկաշենկոյի հրաժարականը:
Լուկաշենկոյի ինքնաթիռը վայրէջք է կատարել Ադլեր քաղաքում, որից հետո Լուկաշենկոն ուղևորվեց դեպի Սոչի, որտեղ Պուտինը հաճախ հյուրընկալում է բարձրաստիճան հյուրերի: Լուկաշենկոյին դիմավորում էին ռուսաստանցի պաշտոնյաներ, այդ թվում ՝ Կրասնոդար երկրամասի նահանգապետը:
Պուտին-Լուկաշենկո հանդիպումը կայացավ այստեղ գտնվող նախագահական ՛՛Բոչառով Ռուչեյ՛՛ նստավայրում:
Իր խոսքում նախագահ Պուտինը կրկին շնորհավորեց Լուկաշենկոյին նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ՝ նրան մաղթելով այդ պաշտոնում ամենայն բարիք: Նա սակայն ընդգծեց, որ բելառուսցիներն ինքնուրույն պետք է լուծեն ներքաղաքական խնդիրները:
՛՛Դուք գիտեք մեր դիրքորոշումը: Մենք կողմնակից ենք, որ բելառուսցիներն ինքնուրույն, առանց որևէ դրսի միջամտության և ուղղորդման, հանգիստ մթնոլորտում և երկխոսության միջոցով գան ընդհանուր որոշման, թե ինչպես հետագայում կազմակերպել աշխատանքը՛՛,- ասել է Պուտինը:
Նա նաև նշեց, որ Մոսկվան Մինսկի հետ համաձայնության է եկել 1,5 միլիարդ դոլարի վարկ տրամադրելու մասին, բայց բելառուս ժողովուրդը պետք է լուծի ճգնաժամն առանց արտաքին միջամտության:
Ռուսաստանի նախագահը հանդիպմանը նաև անդրադարձավ սահմանադրական բարեփոխումների հարցին՝ նշելով, թե կարծում է, որ սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու Լուկաշենկոյի առաջարկը տրամաբանական է և ժամանակին:
«Մենք գիտենք սահմանադրության փոփոխությունների ուղղությամբ ձեր առաջարկի մասին: Կարծում եմ, որ դա տրամաբանական է, ժամանակին է և անհրաժեշտ: Մենք գիտենք, թե ինչ դիրքորոշում ունեք սահմանադրության փոփոխության վերաբերյալ, որի մասին ձեր ներկայացուցիչները հայտնել են նախորդ անգամ ԵԱՀԿ-ում: Որքան ես գիտեմ, ստեղծվել է համապատասխան մարմին, որը ղեկավարում է Սահմանադրական դատարանի փոխնախագահը: Հաշվի առնելով Ձեր քաղաքական փորձը, վստահ եմ, որ այս ուղղությամբ աշխատանքները նույնպես կիրականացվեն ամենաբարձր մակարդակով»,- նշել է Պուտինը:
Իր հերթին Լուկաշենկոն երախտագիտություն հայտնեց Պուտինին աջակցության համար՝ ընդգծելով, որ վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Բելառուսի հարաբերություններն իր ավագ եղբոր՝ Ռուսաստանի հետ պետք է է՛լ ավելի սերտանան, իսկ կապերը, ներառյալ տնտեսական՝ խորացվեն:
՛՛Դուք Ձեզ դրսևորեցիք որպես շատ ազնիվ և մարդասեր անձնավորություն, ուստի ես շնորհակալություն եմ հայտնում անձամբ Ձեզ և բոլոր ռուսներին և բոլոր նրանց, ովքեր աջակցել են մեզ այս հետընտրական շրջանում՛՛,- ասում է Լուկաշենկոն:
Լուկաշենկոն իր խոսքում ասել է , որ Բելառուսը կշարունակի ռազմական զորավարժություններ անցկացնել իր սահմանին և առաջարկեց Պուտինին անցկացնել համատեղ ռուս-բելառուսական զորավարժություններ:
Իր հերթին բելառուս ընդդիմադիր առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան, ով ստիպված էր սպառնալիքների ներքո լքել երկիրը, հանդիպումից առաջ ուղերձով դիմել է Պուտինին՝ ափսոսանք հայտնելով, որ վերջինս որոշել է հանդիպել Լուկաշենկոյին: Իր ուղերձում Տիխանովսկայան հիշեցրել է Պուտինին, որ Սոչիում կայացած հանդիպման ժամանակ կայացված յուրաքանչյուր որոշում իրավական ուժ չի ունենա, քանի որ ՛՛ոչ լեգիտիմ Լուկաշենկոյի ստորագրած բոլոր պայմանագրերը կվերանայվեն նոր կառավարության կողմից՛՛: