Չնայած Կրեմլի ջանքերին՝ Նավալնիի աջակիցները Ռուսաստանի տեղական ընտրություններում աննախադեպ հաղթանակներ են գրանցել

Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության ջանքերը կիրակի օրը կայացած տեղական ընտրություններում հաղթելու համար այնքան էլ չեն հաջողել: Կրեմլի սուր քննադատ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները Սիբիրում աննախադեպ շատ ձայներ են ստացել:

Այդպիսով ընտրողներն արտահայտել են իշխող կուսակցության դեմ իրենց բողոքը: Եվ ընդդիմադիր քաղաքական գործիչ Նավալնիին թունավորելու կասկածները նույնպես ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյուքների վրա:

Ըստ նախնական պաշտոնական արդյունքների՝ Կրեմլի և նախագահ Պուտինի աջակցությունը վայելող քաղաքական գործիչները հաղթել են Թաթարստանի, Կամչատկայի և մեկ տասնյակից ավելի մարզերի կառավարիչների ընտրություններում:

Բայց Նավալնիի կողմնակիցները բացառիկ հաղթանակներ են տարել Նովոսիբիրսկում՝ Ռուսաստանի բնակչության թվով երրորդ քաղաքում, և ուսանողական Տոմսկ քաղաքում, որտեղ «Եդինայա Ռոսիան», կարծես, կորցրել էր խորհրդի մեծամասնությունը:

«Մարդիկ հոգնել են իշխանություններից: Չի կարելի 20 տարի նստել գահին, կողոպտել, անվերջ գողանալ, այս ամենն անել ու անպատիժ մնալ », - «Ռոյթերսի» հետ զրույցում ասել է Քսենիա Ֆադեեւան, ով հաղթել է Տոմսկում և դարձել խորհրդի անդամ:

Նավալնիի աջակից, 32-ամյա Անդրեյ Ֆաթեևը նույնպես հաղթեց Տոմսկի տեղական խորհրդի ընտրություններում: Ռուսաստանի ընդդիմադիր առաջնորդի մեկ այլ աջակից Սերգեյ Բոյկոն մոտ է Նովոսիբիրսկի խորհրդում աթոռ ստանալու հնարավորությանը:

Ֆաթեևի փոխանցմամբ՝ Տոմսկում « Եդինայա Ռոսիան» նվաճել է խորհրդի 37 տեղերից միայն 12-ը: Նավալնիի աջակիցների գործադրած «խելացի քվեարկության ռազմավարության» շնորհիվ շատ թեկնածուներ հաղթել են իշխող կուսակցության թեկնածուներին:

Տեղական ընտրությունների պատասխանատու, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 15 տարվա նախագահ Տատյանա Դորոշենկոյի խոսքով՝ ինքը չի հիշում, որ «Եդինայա Ռոսիա»-ն երբևէ այդքան վատ արդյունքներ գրանցած լիներ Տոմսկում:

«Եդինայա Ռոսիա»-ի գլխավոր քարտուղար Անդրեյ Տուրչակն ասել է, որ կուսակցությունը «վստահ հաղթանակ» է տարել ձայների առավելության հարցում և ջախջախել է ընդդիմության «խելացի քվեարկության» ռազմավարությունը:

«Գոլոս» անկախ վերահսկող կազմակերպությունը ընտրություններից առաջ հայտարարել էր, որ ընդդիմության շատ թեկնածուների արգելվել է մասնակցել մրցակցությանը: