Ռուսաստանի բնակիչների ավելի քան 40 տոկոսը չի ցանկանում միավորվել Բելառուսի հետ և նախընտրում է նրա հետ ունենալ բարիդրացիական հարաբերություններ: Սրա մասին են վկայում Հասարակական կարծիքի համառուսաստանյան կենտրոնի հարցման արդյունքները:
Բելառուսում աճող լարվածության և զանգվածային բողոքների ֆոնին ռուսաստանցիները հակված չեն արագացնել երկու երկրների միավորման գործընթացը, նշում են փորձագետները: Հարցվածների 22 տոկոսը սատարում է Միութենական պետությունը, իսկ 17 տոկոսը կարծում, որ Բելառուսը պետք է դառնա Ռուսաստանի մաս մեկ կամ մի քանի շրջանների ձևաչափով: Հարցվածների մեկ տոկոսն էլ ցանկանում է, որ Ռուսաստանը դառնա Բելառուսի մաս: Հարցումն անցկացվել է օգոստոսի 20-ին հեռախոսի միջոցով 18 տարեկանից բարձր 1600 ռուսաստանցիների շրջանում:
Հիշեցնենք, որ 1999 թ. դեկտեմբերի 8-ին երկու երկրների նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Բորիս Ելցինը ստորագրեցին Բելառուսի և Ռուսաստանի Միության մասին պայմանագիրը: Փաստաթուղթը նախատեսում է ընդհանուր խորհրդարանի, արժույթի, օրենսդրության և պետական խորհրդանիշների ստեղծում: Այն ենթադրում է միասնական տնտեսական, արտաքին քաղաքական, բյուջետային, հարկային քաղաքականություն, երկու երկրների էներգետիկայի, տրանսպորտի, մաքսային համակարգերի միավորում:
Անցած տարի Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահները չէին բացառել երկու երկրների ինտեգրման մասին նոր համաձայնագրի ստորագրումը: Հայտարարվել էր անգամ հնարավոր ստորագրման ամսաթիվը ՝ դեկտեմբերի 8-ը: Սակայն Սոչիում կայացած հանդիպմանը երկրների ղեկավարները չկարողացան հաստատել ինտեգրման «ճանապարհային քարտեզը»:
Հետագայում Մինսկի և Մոսկվայի միջև հարաբերությունները վատթարացան, մասնավորապես՝ էներգետիկ ռեսուրսների գների հարցի շուրջ տարաձայնությունների պատճառով: Ռուսաստանը էներգակիրների հիմնական մատակարարողն էր Բելառուսի համար: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բազմիցս քննադատել է Ռուսաստանի ղեկավարությանն այս հարցում:
Բելառուս վերլուծաբան Անդրեյ Վարդոմացկիի կենտրոնի սոցիոլոգիական հարցումների համաձայն, եթե 2019 թ-ի սկզբին բելառուսների ավելի քան 60 տոկոսը կողմ էր Ռուսաստանի հետ դաշինքին, ապա դեկտեմբերին այդ ցուցանիշը իջել է մինչև գրեթե 40 տոկոս: Միևնույն ժամանակ ակտիվացել են եվրոպամետ տրամադրությունները. Բելառուսի ՝ Եվրամիությանն անդամակցելու կողմնակիցների թիվը 24-ից հասել է 32 տոկոսի:
Իսկ Բելառուսում այդ ընթացքում շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերն ընդդեմ գործող նախագահ Լուկաշենկոյի: Հանրությունը պահանջում է նրա հեռացումն ու նոր ըտնրությունների անցկացումը, իսկ իրավապահ մարմինները շարունակում են բռնաճնշումներն ու ձերբակալությունները: Օրերս Մինսկի կենտրոնից առևանգվել էր ընդդիմադիր առաջնորդ Մարիա Կոլեսնիկովան: Ոստիկանությունը հերքեց իր ներգրավվածությունը վերջինիս անհետացման հարցում: Հետագայում, նրա կողմնակիցները տեղեկացրեցին, որ Կոլեսնիկովային փորձել են դուրս բերել Բելառուսից Ուկրաինա, սակայն սահմանին նա պատռել է իր անձնագիրը, որը անհնար է դարձրել սահմանի հատումը: Այս պահին դեռևս նրա գտնվելու վայրի մասին չկա որևէ տեղեկություն:
Սեպտեմբերի 9-ին դիմակներ կրող անհայտ անձինք բերման են ենթարկել Համակարգող խորհրդի մեկ այլ ակտիվ անդամին՝Մաքսիմ Զնակին, ով ևս Կոլեսնիկովայի նման ակտիվ մասնակցություն էր ունենում բողոքի շարժմանը: Այս զարգացումները փաստում են, որ բելառուսական իշխանությունները որդեգրել են բողոքի շարժման ղեկավարներին թիրախավորելու քաղաքականություն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մոտ օրերս նախատեսվող հանդիպումից առաջ:
Այս պահին ազատության մեջ մնացած ղեկավար-գործիչներից է Նոբելյան մրցանակի դափնեկիր Սվետլանա Ալեքսևիչը: Վերջինս իր բնակարանում հանդիպել է լրագրողների ու օտաերկրյա դիվանագետների հետ: Նա հայտնել է, որ Համակարգող խորհրդի իր բոլոր համախոհները կամ կալանավորված են կամ հեռացված արտասահման: Նա ևս ենթարկվում է ճնշումների ու սպառնալիքների անհայտ անձանց կողմից: Ալիքսևիչը մեղադրել է բելառուսական իշխանություններին և Լուկաշենկոյին մարդկանց ահաբեկելու մեջ և պահանջել ազատ արձակել բերման ենթարկված Մաքսիմ Զակին: Նոբելյան դափնեկիրը վստահ է՝ բոլոր այս բռնաճնշումները չեն կարող օգնել Լուկաշենկոյին: Նա անօրինական է որակել Բելառուսի իշխանությանգ ործողությունները:
Իր հերթին գործող նախագահ Լուկաշենկոն հարցազրույց է տվել ռուսաստանցի լրագրողներին, որի ընթացքում նշել է, որ մի գուցե նա երկար է մնացել իշխանության ղեկին և այսպիսով հոգնեցրել հանրության որոշ հատվածին: Նա, սակայն, տեղի ունեցող զարգացումներում տեսնում է մանր բուրժուական հեղափոխության տարրեր, որոնք ղեկավարվում են դրսից: Ըստ նրա՝ իր կառավարման տարիներին հարստացած հասարակության այդ խմբերն այժմ ձգտում են վերցնել իշխանությունը, իսկ այդ գործընթացը ղեկավարվում է ԱՄՆ-ի կողմից Լիտվայում, Ուկրաինայում, Լեհաստանում և Չեխիայում ստեղծած կենտրոնների միջոցով: Նա վստահ է , որ բելառուսական ՕՄՕՆ-ը փրկել է երկիրն արագ գրավումից, իսկ բռնության հետքեր պատկերելու համար, ըստ նրա, հաճախ ցուցարարները ներկում էին կապույտ ներկով իրենց մարմինների որոշ հատվածներ: