Տնտեսական պայմանագիր` Սերբիայի ու Կոսովոյի միջեւ

Կոսովոն ու Սերբիան ստորագրեցին տնտեսական հարաբերությունները բարելավելու մասին պայմանագիր: Ուրբաթ օրը պայմանագիրը ստորագրվեց Վաշինգտոնում: Այս գործընթացում միջնորդի դեր էր ստանձնել Միացյալ Նահանգները:

Երկու օր տեւած բանակցություններից հետո ստորագրված փաստաթուղթը նաեւ ընդգրկում է Իսրայելի եւ Կոսովոյի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին կետ: Ըստ նույն փաստաթղթի, Սերբիան համաձայնվում է Իսրայելում իր դեսպանությունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որը նույնպես ստորագրել է պայմանագիրը, Սպիտակ տանն անցկացված արարողության ժամանակ պայմանագիրն անվանել է ‘’պատմական’’ ու ավելացրել, որ ‘’երկար տարիներ տեւած ողբերգական տարիներից ու ձախողված բանակցություններից հետո իմ վարչակազմն առաջարկեց այս բաժանումը կամրջելու մի նոր ուղի’’:

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն ու Կոսովոյի վարչապետ Ավդուլլահ Հոթին ստորագրված պայմանագիրը համարում են կարեւոր քայլ` դեպի առաջ ընթանալու ճանապարհին: Վուչիչի խոսքերով, քաղաքական հարթակում իրենք դեռեւս չեն լուծել միմյանց միջեւ առկա խնդիրը ու դեռ մեծ տարբերություններ կան միմյանց միջեւ:

‘’Սակայն ես երախտապարտ եմ, որ դուք ու ձեր ժողովուրդը կարողացաք հաջողությամբ մեզ հասցնել այստեղ’’, ասել է Վուչիչը` դիմելով նախագահ Դոնալդ Թրամփին:

Կոսովոյի վարչապետ Հոթիի խոսքերով, ‘’չափազանց կարեւոր պահ է սա Կոսովոյի ու տարածաշրջանի համար դեպի լիակատար բնականոն հարաբերություններ հաստատելու ճանապարհին’’:

Վուչիչն ու Հոթին երկուշաբթի օրը մեկնելու են Բրյուսել: Եվրոպական միությունն արդեն ավելի քան մեկ տասնամյակ միջնորդի դեր է ստանձնել Սերբիայի ու Կոսովոյի միջեւ անցկացվող բանակցություններում: