‘’Facebook’’-ը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին նախորդող մեկ շաբաթվա ընթացքում դադարեցնելու է քաղաքական նոր գովազդների ընդունումը` հարգելով այն մտահոգությունները, որոնց համաձայն ազատ խոսքի նման դրսեւորումը կարող է ներգործել ընտրողների վրա:
Աշխարհում սոցիալական ամենամեծ այս ցանցը նաեւ հայտարարել է, թե ստեղծում է մի պիտակ այն թեկնածուների կամ նրանց ընտրարշավի թիմերի համար, որոնք կփորձեն մինչեւ ընտրությունների արդյունքի մասին պաշտոնական հաղորդումը, հայտարարել իրենց հաղթանակի մասին:
Ինչպես ցանցի գլխավոր գործադիր նախագահ Մարք Ցուքերբերգն է ասել, ինքը մտահոգված է ԱՄՆ-ում ժողովրդի շրջանում տիրող անհամաձայնություններով: ‘’Մտահոգված եմ, որ ընտրությունների արդյունքը հրապարակելու համար անհրաժետշ մի քանի օրվա կամ շաբաթների ընթացքում կարող են սկսվել քաղաքացիական անհանգստություններ’’, ասել է նա:
Ցուքերբերգը նախկինում պաշտպանում էր իր այն որոշումը, որը թույլ էր տալիս քաղաքական ազատ եւ անսահման քննարկումներ ‘’Ֆեյսբուք’’-ում, այդ թվում վճարովի գովազդների միջոցով:
Նոր որոշման համաձայն, ‘’Facebook’’-ը թույլ կտա քարոզարշավի թիմերին ու անհատներին շարունակել քաղաքական այն գովազդները, որոնք արդեն իսկ առկա են այս սոցցանցում: Սակայն կարգելի այդ գովազդների բովանդակության մեջ ու արտաքին տեսքում որեւէ փոփոխություն:
‘’Facebook’’-ը վերջերս էր հայտնվել ուժեղ քննադատության ներքո այն բանի համար, որ թույլ էր տվել նախագահ Դոնալդ Թրամփի կողմից արված, կրքեր բորբոքելու ունակ մի շարք մեկնաբանություններ:
Փորձագետները նաեւ ահազանգել էին կեղծ հայտարարությունների ու դավադրության տեսությունների մասին:
Ցուքերբերգն ասել է, թե ավելի ու ավելի շատ են նկատվում ‘’Facebook’’-ի միջոցով ԱՄՆ-ի ընտրությունները վնասելու փորձեր: Այդ փորձերը, նրա խոսքերով, իրականացվում են դրսից, այնպես ինչպես արվել էր 2016 թվականի ընտրությունների ժամանակ:
‘’Facebook’’-ը հայտարարում է նաեւ, թե կայքից հանելու է կովիդ հիվանդության եւ քվեարկության շուրջ դավադրության որեւէ տեսություն տարածելու որեւէ փորձ:
‘’Ֆեյսբուք’’-ը համագործակցելու է ‘’Ռոյթըրս’’ լրատվական գործակալության հետ, որպեսզի ընտրությունների ընթացքի ու արդյունքի մասին ‘’Քվեարկության տեղեկատվության կենտրոն’’ բաժնում տեղադրի հավաստի տեղեկություններ: