Վերջերս լույս տեսած ՛՛Հայաստանի թավշյա հեղափոխությունը՛՛ գիրքը քաղաքագետ Աննա Օհանյանի ու վերլուծաբան Լուորենս Բրոերսի խմբագրությամբ Հայաստանում 2018 թ. ապրիլյան իրադարձությունների վերլուծություն է մի շարք այլ վերլուծաբանների մասնակցությամբ: Այն այսօր հասանելի է անգլերեն: Հեղինակները ցանկանում են նաև ներկայացնել այն ընթերցողին հայերեն լեզվով:
Գրքում վեր են հանված այդ օրերի Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներն ու հայաստանյան հեղափոխության առանձնահատկությունները: Աշխարհաքաղաքական զարգացումների ուսումնասիրությունից մինչև սոցիալ-տնտեսական և քաղաքական գործոններ. հեղինակները մոտեցել են հարցին համապարփակ և բազմակողմանի:
՛՛Կարծում եմ, որ ավտորիտարիզմի անկումը, որին հղում կա գրքի ենթավերնագրում, կարևոր գործոն է` Հայաստանի 2018թ. ապրիլյան իրադարձությունները հասկանալու համար՛՛,- նշում է գրքի համահեղինակ Լոուրենս Բրոերսը:
Գրքի համահեղինակները վստահ են՝ թավշյա հեղափոխությունը գունավոր չէր. այն զգալիորեն տարբերվում է հետխորհդային գունավոր հեղափոխություններից: Քաղաքագետ Աննա Օհանյանը գրքի ՛՛Թավիշը գունավոր չէ՛՛ վերնագրով գլխում ընդգծում է՝ հետխորհրդային տարածքի հեղափոխությունների հետևում կանգնած էր քաղաքական վերնախավը, ի տարբերություն հայաստանյան հեղափոխությանը, որը ՛՛ապակենտրոնացած էր, ուներ սոցիալական արմատներ և արդյունք էր տարբեր ռազմավարությունների կիրառմամբ քաղաքական փոփոխության փորձերի՛՛:
“Ուժեղ պետությունները զգալիորեն կախված են իրենց քաղաքացիների՝ կառավարմանը մասնակցելու կարողություններից: Ժողովրդավարության մոդելը շարունակում է մնալ անփոխարինելի` կարևոր գործոն հանդիսանալով տնտեսական զարգացման համար”,- նշում է Օհանյանը:
Գունավոր հեղափոխություններն աշխարհաքաղաքական երևույթ են, շեշտում է վերլուծաբան Բրոերսը: Դրանք առաջ են գալիս արևմտամետ ուժի իշխանության գալու դեպքում, առաջացնում Ռուսաստանի հակազդեցությունը՝ հանգեցնելով անկայունությանն ու տարածքային կոնֆլիկտների, ինչպես եղավ Վրաստանի ու Ուկրաինայի դեպքում: Թավշյա հեղափոխությունը, ըստ համահեղինակի, տարբերվում է դեռևս խորհդային տարիներից և դրանից հետո Հայաստանում առկա բողոքի ցույցի ավանդույթով, երբ տարբեր առիթներով երկրի քաղաքացիները դուրս են գալիս փողոց՝ իրենց բողոքի ձայնը հնչեցնելու համար:
՛՛Թավշյա հեղափոխությունը ինքնին երկնքից չի իջել, ոչ էլ դրսից բերվել Հայաստան: Դա սեփական ճակատագրի տեր դարձած քաղաքացիների ներուժի կուտակման արդյունք էր՛՛,- ասում է Բրոերսը:
Զուգահեռներ անցկացնելով Բելառուսի զարգացումների հետ՝ Աննա Օհանյանն ընդգծում է, որ Հայաստանի ու Բելառուսի համար Ռուսաստանը կարևոր գործոն է, սակայն նրանց կախվածության բնույթը տարբեր է: Եթե Հայաստանում առաջնային գործոն է անվտանգությունը, ապա Բեոլառուսի դեպքում, ըստ Օհանյանի, այն մեծապես կապված է բնական ռեսուրսների և սուբսիդիաների հետ: Դրանց շնորհիվ Բելառուսում պահպանվել էր խորհրդային ոճի համակարգ պետական հատվածի գերակայությամբ, ի տարբերություն Հայաստանի, որտեղ սեփականաշնորհումը հանգեցրեց օլիգարխիայի զարգացմանը: Չնայած դրան՝ այն նպաստեց նաև, ըստ քաղաքագետի, ապակենտրոնացմանն ու քաղաքացիական հասարակության ձևավորմանը Հայաստանում: Բելառուսում, փոխարենը, համակարգը կենտրոնացած է, իսկ քաղաքացիական հասարակությունը` թույլ:
՛՛Բելառուսում պետական հատվածն ու ձեռնարկությունները զգալի մաս են կազմում, որից օգտվում է վարչակարգը՝ դրանց միջոցով խոչընդոտելով մարդկանց մասնակցությունը բողոքի ցույցերին՛՛,- ընդգծում է Օհանյանը:
Հեղինակները կարևորում են ժողովրդավարական համակարգի կառուցման ընկալումը և դրա նպատակի ձևավորումը որպես երկարատև մի գործընթաց, որը հնարավոր է զերծ պահել աշխարհաքաղաքական երանգավորումից: Ըստ Բրոերսի՝ քաղաքացիական շարժումների աշխարհաքաղաքականացումն Արևելք-Արևմուտք հակասության ձևաչափում չի նպաստում դրանց մոբիլիզացմանը: Քաղաքագետ Աննա Օհանյանի կարծիքով էլ Արևմուտքը պետք է օգտագործի ընձեռված այս հնարավորությունը Հայաստանում՝ նոր կամուրջներ կառուցելու և Ռուսաստանի հետ կամուրջները վերականգնելու համար՝ Արևմուտք-Արևելք հակադրության հռետորաբանության փոխարեն: