Թրամփն ընդունեց Հանրապետական կուսակցության առաջադրումը. երեկույթին ներկա էր 1500 մարդ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հանդես է եկել մի կոչով, որը նա ներկայացրել էր 2016 թվականի համագումարին իր ելույթի և 2017-ի երդման արարողության ժամանակ:

Ասել է, որ ընտրությունը կորոշի՝ իրենք փրկո՞ւմ են ամերիկյան երազանքը, թե՝ թույլ տալիս, որ սոցիալիստական օրակարգը քանդի ամերիկացիների նվիրական ուղին:

Հետևելով սյս շաբաթվա սկզբին ելույթով հանդես եկած ընտանիքի անդամներին՝ ամփոփիչ համագումարում Իվանկա Թրամփը ներկայացրեց հորը. «Այս երեկո ես կանգնած եմ ձեր առջև ՝ որպես ժողովրդի նախագահի հպարտ դուստր»:

Երկրում դեռ շարունակվող անկարգությունների և փողոցային բռնությունների ֆոնին Թրամփը կարևորեց օրենքը և կարգը՝ գալիք ընտրություններում իր մրցակից նախկին փոխնախագահ Ջո Բայդենին ներկայացնելով, որպես Դեմոկրատական կուսակցության ծայրահեղ ձախակողմյան թևերի կողմից վերահսկվող մեկի: Վերջինիս խոսքով՝ Բայդենը թույլ է:

Վերլուծաբանների կողմից քննադատության են արժանացել ինչպես դեմոկրատական, այնպես էլ հանրապետական կուսակցությունների համագումարները: Նրանք կարծում են, որ երկու դեպքում էլ չափազանց շատ կենտրոնացում կա կերպարների վրա, այլ ոչ քաղաքականության: Գործում է սեփական թեկնածուին փառաբանելու և հակառակորդին զրպարտելու մեխանիզմը:

Ըստ Չիկագոյի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ուիլյամ Հաուելի՝ այդ մեխանիզմը հատկապես գերակշռում է հանրապետականների համագումարում. «Մենք դեռ չենք լսել հստակ միտք այն մասին, թե որոնք են այն խնդիրները, որոնք ցանկանում է լուծել այս նախագահը: Կա մի մշուշոտ խոստում, որ ժամանակին վարած աճող տնտեսությունը հետ կբերի: Բայց չկան որևէ մանրամասներ, թե ինչպես է նա անելու դա, կամ ինչպես վերջապես կհաղթահարվի համաճարակը»:

Ամերիկացիների մեկ երրորդից քիչ մարդ է հավանություն տալիս Թրամփի հակահամաճարակային գործողություններին: Երեկ էլ նախագահի նախընտրական պաշտոնական ելույթին ներկա էր 1500 մարդ: Մեծամասնությունն առանց դիմակների էր և կողք կողքի նստած:

Իսկ մինչ նա ելույթ էր ունենում, ցուցարարները Սպիտակ տան մոտակայքում բողոքում էին՝ ընդդեմ երկրի բևեռացմանը: