Հսկա ծովամրրիկը մոտենում է Մեքսիկական ծոցի ամերիկյան նահանգներին

Լորա ծովամրրիկը, արագ թափ հավաքելով, չորեքշաբթի օրը վերածվելու է 4-րդ կարգի փոթորկի: Այն ուղղություն է վերցրել դեպի ԱՄՆ-ի Թեքսաս եւ Լուիզիանա նահանգների առափնյա հատվածները: Սպասվում է, որ ծովամրրիկն այստեղ երեկոյան կհասցնի աղետալի վնասներ:

Հնգաստիճան սանդղակում դեռեւս երրորդ կարգի այս ծովամրրիկը մինչեւ Թեքսաս հասնելը փչում է ժամում 185 կմ արագությամբ: Վերածվելով չորրորդ կարգի ծովամրրկի քամու արագությունը կհասնի ժամում 250 կիլոմետրի:

Թեքսասում ավելի քան 420 հազար, Լուիզիանայում եւս 200 հազար մարդ ենթարկվել է պարտադիր տարհանման: Այս ընթացքում դաշնային ու նահանգային արտակարգ իրավիճակների վարչությունները շտապում են նրանց ապահովել ժամանակավոր կացարաններով: Ծովամրրիկն առաջ է շարժվում ժամում 24 կմ արագությամբ: Սպասվում է, որ ջրի մակարդակը կբարձրանա մինչեւ 4 եւ կես մետր: Ամենաբարձր մակարդակը կգրանցվի Լուիզիանայի Մորգան քաղաքում: Լորա ծովամրրկի ժամանակ կգրանցվեն մինչեւ 25 սանտիմետր տեղումներ:

Լուիզիանա նահանգում ծովամրրիկը չորեքշաբթի օրը երեկոյան կարող է ուղեկցվել նաեւ պտտահողմերով: Պտտահողմերը կտարածվեն դեպի Թեքսասի հարավ-արեւելք ու Միսիսիպիի հարավ-արեւմուտք:

Քաղաքային վայրերում սպասվում են ջրհեղեղներ, որոնք հինգշաբթի օրը կհասնեն նաեւ Արքանզաս: