Թուրքիայում ապաստանած ույղուրները մտահոգված են

Չինաստանի մահմեդական ույղուրներից շատերը ապաստան են գտել Թուրքիայում: Թրքախոս այս ազգային փոքրամասնության նկատմամբ Չինաստանը ճնշումներ է գործադրոմ: Սակայն նրանցից շատերն այսօր անհանգստացած են Թուրքիայում իրենց ապագայի մասին

Մահմեդական ույղուր ակտիվիստները բողոքում են, որ Թուրքիայում ազատորեն չեն կարողանում բարձրաձայնել ընդդեմ Չինաստանի բռնաճնշումների: Տեղի ոստիկանությունը բերման է ենթարկում այս հարցով բողոքող անձանց: Օրինակ, վերջերս բերման են ենթարկվել նրանք, ովքեր կրում էին Չինաստանի կողմից ձերբակալված ույղուր ակտիվիստներին պատկերող վերնաշապիկներ:

Ինչպես տեղեկացնում է Թուրքիայում գտնվող ույղուր ակտիվիստ Միրզեհմեթ Իլյասօղլուն, թուրքական ոստիկանությունը պարտադրել է, որ իրենք կրեն վերնաշապիկները պատկերի հակառակ կողմով, ինչը վիրավորական է ակտիվիստների համար:

Այսօր Թուրքիան ամենամեծ թվով ույղուրների ապաստան տրամադրած երկիրն է: Բանաստեղծ Աբդուրահիմ Իմին Փարաջը Ստամբուլ է եկել յոթ տարի առաջ: Նրա կինը գտնվում է չինական մի կալանավայրում: Նա վախենում է, որ թուրքական իշխանությունները կարող են ևս թիրախավորել նրան՝ իր հնչեցրած քննադատության համար: Նա պատմում է, որ մեկ անգամ ոստիկանությունը նրան բերման է ենթարկել ռեստորանից ու ստիպել է ստորագրել փասթաթուղթ, որը նշում էր, թե այն ստորագրած անձը կապ ունի Թուրքիայի համար սպառնալիք հանդիսացող մի կառույցի հետ: Փարաջը հրաժարվել էր ստորագրել այն:

Ըստ իրավապաշտպան Իբրահիմ Էրգենի, նման դեպքերը շատ են տարածված: Այժմ իրավապաշտպանը աշխատում է արտաքսման մի քանի գործերի ուղղությամբ՝ պաշտպանելով ույղուր ակտիվիստներին Չինաստան արտաքսվելուց: Ըստ նրա՝ մարդկանց բերման են ենթարկում ու առանց որևէ ապացույցի մեղադրում ահաբեկիչ զինյալ լինելու մեջ: Նա շեշտում է, որ Թուրքիայի ներքին և արտաքին գործերի գերատեսչությունները հսկայական ճնշման են ենթարկվում Չինաստանի կողմից, իսկ մի քանի ույղուրների արտաքսումը դրականորեն է անդրադառնում Չինաստանի հետ տնտեսական և քաղաքական կապերի վրա:

Նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն քննադատել է գործող նախագահ Էրդողանին՝ ույղուրներին հանուն Չինաստանի հետ տնտեսական կապերի զոհաբերելու համար: Էրդողանը, սակայն, հերքում է մեղադրանքները՝ նշելով, որ Թուրքիան ապաստան է տրամադրում տասնյակ հազարավոր ույղուրների:

Չնայած դրան՝ նախագահ Էրդողանը չի միացել Պեկինի դեմ ույղուրների հարցով միջազգային հանրության աճող քննադատությանը: Այս լռությունն անհանգստացնում է Թուրքիայում ապաստանած շատ ույղուրների, ովքեր հիասթափված են ու մտահոգված իրենց ապագայով այս երկրում: