Իսրայելն ու ԱՄԷ մոտ օրերին պայմանագիր կստորագրեն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը և Արաբական Միացյալ Էմիրությունները եկել են համաձայնության՝  հարաբերությունները կարգավորելու հարցում

Արաբական Միացյալ Էմիրության մահմեդականներն այսուհետ կարող են աղոթել Երուսաղեմի պատմական Ալ Աքսա մզկիթում, այն բանից հետո, երբ Արաբական Միացյալ Էմիրությունները հինգշաբթի օրը հայտարարեց, որ կարգավորել է հարաբերությունները Իսրայելի հետ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունեց հայտարարությունը՝ հույս հայտնելով, որ այսուհետ մահմեդական այլ երկրներ ևս կհետևեն Էմիրությունների օրինակին:

Այս համաձայնությունն արաբ-իսրայելական խաղաղության երրորդ համաձայնագիրն է 1948 թ.-ին Իսրայելի անկախության հռչակումից հետո: Եգիպտոսը պայմանագիր է ստորագրել 1979 թ-ին, իսկ Հորդանանը` 1994-ին:

Իսրայելի վարչապետ Նեթանյահուն այն անվանել է «պատմական օր»:

Իր հերթին ԱՄՆ Ազգային անվտանգության գծով նախագահի խորհրդական Ռոբերտ Օբրայենը ընդգծել է, որ չի զարմանա, եթե ԱՄՆ նախագահն առաջադրվի խաղաղության Նոբելյան մրցանակի:

Սակայն հնչում են նաև այլ կարծիքներ: Ըստ Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Ուիլյամ Թոդմանի՝ տարածաշրջանային խաղաղության առումով այս համաձայնագրի նշանակությունը չափազանցված է, քանի որ Իսրայելի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև երբեք հակամարտության սպառնալիք չի եղել: Դրա հետ մեկտեղ վերլուծաբանն ընդգծում է՝ սա Պարսից Ծոցի առաջին պետությունն է, որը կարգավորում է իր հարաբերությունները Իսրայելի հետ, որը նոր հնարավորություններ կստեղծի երկու երկրների համար:

Ըստ համաձայնության, Իսրայելը դադարեցնում է Պաղեստինի տարածքի հետագա անեքսիան Հորդանան գետի արևմտյան ափին:

Վերլուծաբանների կարծիքով բռնակցման խնդրի վերացումը բանակցային սեղանից ձեռնտու է Իսրայելին ռազմավարական առումով, քանի որ այն աջակցություն է վայելելու պաղեստինցիների կողմից: Հակառակ պարագայում երկարաժամկետ հեռանկարում անեքսիայի քաղաքականությունը խնդիրներ կստեղծի Իսրայելի համար որպես լիբերալ ժողովրդավարական պետության:

Բացի այդ, ԱՄԷ-Իսրայել համաձայնությունը դիտվում է որպես Իրանին տարածաշրջանում մեկուսացնելու միջոց:

Այժմ Վաշինգտոնը փորձում է առաջ տանել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որով կերկարացվեն զինամթերքի վերաբերյալ պատժամիջոցները Թեհրանի դեմ: Դրանց ժամկետը լրանում է հոկտեմբերին: Չինաստանը և Ռուսաստանն ազդարարել են, որ կարգելափակեն բանաձևը:

Բանաձևի տապալման դեպքում պետքարտուղար Մայք Պոմպեոն սպառնացել է վերականգնել Իրանի դեմ ՄԱԿ-ի բոլոր պատժամիջոցները:

Անդրադառնալով ԱՄԷ-ի և Իսրայելի միջև համաձայնությանը՝ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացրել է, որ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում այս համաձայնագիրը պաշտոնապես կստորագրվի Վաշինգտոնում: