Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններ. գործընկերություն, թե՞ աշխարհաքաղաքական հակադրություն

Հարավային Կովկասում հայ-ադրբեջանական վերջին բախումներն առաջին պլան նետեցին նաև տարածաշրջանի երկու խոշոր տերությունների՝ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների հարցը

Թուրքիան իր աջակցությունը հայտնեց Ադրբեջանին և զորախումբ ուղարկեց այնտեղ՝ միասնական զորավարժություններին մասնակցելու համար: Ռուսաստանի արձագանքն ավելի զուսպ էր, որը կոչ արեց հակամարտության կողմերին դադարեցնել ռազմական բախումները՝ առաջարկելով իր միջնորդությունը: Մոսկվան այդ օրերին ևս տարածշարջանում անցկացրեց ավելի փոքր ծավալի զորավարժություններ: Բացի այդ, երկու երկրների նախագահները՝ Էրդողանն ու Պուտինը, հեռախոսազրույց ունեցան, որի ընթացքում քննարկեցին հայ- ադրբեջանական բախումները:

Վերլուծաբանների կարծիքով դժվար է ամբողջական և միանշանակ գնահատական տալ թուրք-ռուսական հարաբերություններին: Ռազմական և տնտեսական համագործացության հետ մեկտեղ Մոսկվան և Անկարան տարբեր տարածաշրջաններում հանդես են գալիս որպես աշխարհաքաղաքական հակառակորդներ և ունեն հակադրվող շահեր:

՛՛Այս երկրների միջև հարաբերությունները միանշանակ չեն: Այստեղ առկա են ինչպես մրցակցության, այնպես էլ համագործակցության տարրեր՛՛,- նշում է Սթեֆան Բլանկը:

Ըստ վերլուծաբանի՝ Լիբիայի հարցում այս երկրները հակառակորդներ են, իսկ սիրիական հակամարտությունում վերջիններիս մոտ առկա է հակադրության և համագործակցության համադրություն: Հարավային Կովկասը և մասնավորապես ղարաբաղյան հակամարտությունը Մոսկվայի ու Անկարայի համար մեկ այլ կարևոր շահերի գոտի է: Բլանկը սակայն չի տեսնում հարավկովկասյան հակամարտությունների կարգավորման հնարավորություն ռուս-թուրքական երկկողմանի ձևաչափի ներքո: Անհրաժեշտ է Արևմուտքի ակտիվ ներգրավվածություն, գտնում է վերլուծաբանը, այս երկու տերությունների կայսերական նկրտումներին հակազդելու համար:

՛՛Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Վրաստանի շուրջ խնդիրները, որոնք առանձին հարց է, չեն կարող օրինականորեն կարգավորվել Էրդողանի ու Պուտինի համաձայնության միջոցով՛՛,- ասում է Բլանկը

Վերլուծաբան Դեյվիդ Ֆիլիփսն իր հերթին ընդգծում է, որ Մոսկվան ու Անկարան ձգտում են որոշիչ ձայն ստանձնել հակամարտության կարգավորման հարցում: Ըստ վերլուծաբանի՝ Թուրքիան թիրախավորում է Հայաստանը, իսկ Ռուսաստանը Հայաստանի բարեկամ երկիր չէ: ԱՄՆ ու ԵՄ ակտիվ գործունեությունը մեծացնում է դիվանագիտական եղանակով խնդիրը կարգավորելու հավանականությունը:

՛՛Ակնհայտ է, որ Անկարան և Մոսկվան այժմ ցանկանում են այստեղ ստանձնել գլխավոր դերակատարություն: ԱՄՆ չպետք է թույլ տա նման զարգացում և Ֆրանսիայի հետ համագործացությամբ պետք է Մինսկի խմբի գործունեությունն ավելի կենսունակ դարձնի՛՛,- ասում է Ֆիլիփսը:

Վերլուծաբան Էմիլ Սանամյանի կարծիքով էլ Անկարան և Մոսկվան այսօր գերիշխող դիրքերում են մասնավորապես Սիրիայի և Լիբիայի հարցերում, սակայն ղարաբաղյան հակամարտությունում իրավիճակը մի փոքր այլ է.

՛՛Մինչ այս պահը ղարաբաղյան հակամարտության Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը՝ Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա, պահպանել է իր գոյությունը՛՛,- ընդգծում է Սանամյանը

Ըստ նրա, սակյան, ձևաչափի պահպանումը կրում է իներցիոն բնույթ, քանի որ Ռուսաստանը չի փորձել մի կողմ քաշել մնացած համանախագահող երկրներին: Վերլուծաբանը չի բացառում, որ նման փորձը կարող է հանգեցնել տարածաշրջանի խոշոր տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և նաև Իրանի էլ ավելի ակտիվ ներգրավմանը հակամարտությունում գործող ձևաչափի փոխարեն: Այս հարցում Արևմուտքի լուրջ հետաքրքրության բացակայության պարագայում առաջացած վակումը կարող է լրացվել տարածաշրջանի վերոհիշյալ ուժերի կողմից, գտնում է վերլուծաբանը: