Նախնական հաշվարկների համաձայն Բեյրութում պայթյունի հետևանքով անօթևան դարձած 300,000 անձանց մեկ երրորդը երեխաներ են: Տներն ու շինություններն ավերվել են կամկիսով չափ քանդվել, շատ շենքերում չկա ջուր և էլեկտրականություն:
ՄԱԿ-ի երեխաների հիմնադրամը հայտնել է, որ ծննդի և մանկաբուժության պետական Կարանտինա հիվանդանոցն ավերվել է: Այս հիվանդանոցը բժշկական օգնություն էր ցուցաբերում ծայրահեղ վիճակում գտնվող նորածիններին: Ավերվել կամ տուժել են նաև այլ հիվանդանոցներ, որոնք սպասարկում էին մոտ 160,000 հիվանդների:
Ոչնչացվել են նաև COVID-19-ի դեմ պայքարի համար նախատեսված դիմակներով, ձեռնոցներով և այլ պաշտպանիչ պարագաներով լի 10 պահեստներ:
UNICEF-ի խոսնակ Մարիքսի Մերկադոյի խոսքերով կորոնավիրուսով վարակվածների թիվն աճում է և ՄԱԿ-ը համագործակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ՝ բժշկական պարագաներ տրամադրելու ուղղությամբ: Ջոնս Հոփքինսի համալսարանը հայտնել է Լիբանանում կորոնավիրուսով վարակման մոտ 6,000 դեպքի մասին:
Մերկադոյի խոսքերով UNICEF-ի առաջնային նպատակն է պայթյունի հետևանքով իրենց ընտանիքներից բաժանված երեխաներին վերամիավորել: Նա հավելում է, որ նրանցից շատերը շոկը, տրավման, ընտանիքի և ընկերների կորուստը հաղթահարելու համար հոգեբանական օգնության կարիք ունեն:
Լիբանանում ծրագրված է դպրոցները վերաբացել օգոստոսի 26-ին, սակայն դրանցից 120-ը կամ ավերվել, կամ էլ խոշոր վնասներ են կրել: Մերկադոյի խոսքերով UNICEF-ին մոտ $8.25 միլիոն է անհրաժեշտ՝ հրատապ կարիքները հոգալու համար: Նա հավելում է, որ հետագայում ևս գումար կպահանջվի վերականգնողական աշխատանքների համար:
Your browser doesn’t support HTML5