Մեդիայի մասին նոր օրենք Հայաստանում. հակառուսական օրենք, թե՞ մեդիա դաշտի բարելավում

ՀՀ-ում ընդունվեց «Տեսալսողական մեդիայի մասին» նոր օրենք, որն ունի նաև օտարերկրյա հեռուստաընկերությունների հեռարձակման շուրջ դրույթ: Որոշ դեպքերում այն նաև դիտարկվում է որպես հակառուսական:

ՀՀ ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանի կարծիքով «Տեսալսողական մեդիայի մասին» նոր օրենքը մի շարք փոփոխությունների հետ մեկտեղ ապահովում է մայրենի լեզվի անվտանգությունը: Օրենքն անդրադառնում է օտարերկրյա հեռուստաընկերությունների հեռարձակմանը: Նոր օրենքի համաձայն հաջորդ տարվանից դրանք կարող են հեռարձակվել հանրային մուլտիպլեքսում միայն միջպետական համաձայնագրի առկայության դեպքում:

Այս փոփոխությանը դեռևս խորհրդարանի ընդունման փուլում արձագանքեց ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը՝ ընդգծելով, որ օրենքն ուղղակիորեն կանդրադառնա ՀՀ-ում հեռարձակվող ռուսական «Первый канал», «РТР Планета» և «Россия. Культура» հեռուստաալիքների ճակատագրին: Իր դժգոհությունն արտահայտելով օրենքի վերաբերյալ՝ ՌԴ-ը, սակայն, շեշտում է՝ այս հարցը Հայաստանի, որպես ինքնիշխան պետության, ներքին գործն է՛՛ և պատրաստակամություն հայտնում՝ բանակցելու հայկական կողմի հետ:

Ալիք Մեդիա հեռուստաընկերության ղեկավար Արսեն Խառատյանի կարծիքով ռուսական կողմի դժգուհությունը սպասելի էր, որը հաշվի է առնվել օրենքի քննարկման փուլում: Նա վստահ է՝ այս տեսանկյունից հարցադրումը քաղաքական շահարկում է: Օրենքը որևէ հակառուսական միտում չունի: Երկիրը կարող է և պետք է որոշակիորեն սահմանափակի վերգետնյա հեռարձակումն այլ երկրների համար, ընդգծում է Խառատյանը:

՛՛Քաղաքական որոշում չի եղել փակելու ռուսական ալիքները Հայաստանում՛՛,- վստահեցնում է նա:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը համակարծիք է, որ վերգետնյա հեռարձակումը պետք է լինի առաջին հերթին հայկական հեռարձակողների համար: Օրենքը հավասարապես վերաբերում է ամերիկյան և այլ օտարերկրյա հեռարձակողների: Փորձագետը որևէ խնդիր չի տեսնում միջպետական պայմանագիր կնքելու հարցում՝ ընդգծելով նաև, որ ռուսական ալիքները լիովին հասանելի են ՀՀ-ում համացանցի կամ մալուխի միջոցով:

՛՛Ես համարում եմ այս հարցը ոչ թե օրենքի բացթողում, այլ քաղաքական և ավելի շատ շահարկվող հարց՛՛,- ասում է Նունե Սարգսյանը:

Նրա կարծիքով այսպիսի շահարկումների մեջ հետաքրքված են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ուժեր.

՛՛Սա ոչ միայն գալիս է ռուսական կողմից, այլև ներսում առկա են որոշակի խմբեր, անհատներ , ուժեր, որոնք հետաքրքված են քաղաքական և ինչու ոչ` մշակութային տեսանկյունից այս հարցում՛՛,- ասում է Սարգսյանը;

Իր հերթին Արսեն Խառատյանն ընդգծում է՝ այս օրենքը հակառուսական տեսքով մատուցելը փորձ է ՀՀ գործող իշխանություններին եւս մեկ անգամ ներկայացնել որպես հակառուսական`՝ հաշվի առնելով Մոսկվայի ու Երևանի միջև այսօրվա բարդ հարաբերությունները: Նրա կարծիքով այսպիսի շահարկում անող շրջանակները ներառում են ներսի ու դրսի ուժերին:

՛՛Օրենքի քննարկումը սկսվել է շատ ավելի վաղ: Այս խնդիրների մասին իմացվել է շատ ավելի վաղ: Որևէ մեկը, եթե շահարկի, որ սա նոր իրավիճակ է, ապա այսպիսի մոտեցումը պարզ մանիպուլյացիա է՛՛,- ասում է Խառատյանը:

Անդրադառնալով ընդհանուր օրենքին՝ Նունե Սարգսյանը քննադատության ենթարկեց ընդունված օրենքն՝ այն որակելով ոչ ամբողջական, որն ունի բազմաթիվ բացթողումներ և կարիք ունի միջազգային փորձագիտական կարծիքի:

՛՛Այս տեսքով կարծում եմ օրենքն առանձնապես առաջադեմ չէ, չի ապահովում անհրաժեշտ բարեփոխումները և չի լուծում ոլորտի առջև ծառացած խնդիրները՛՛,- նկատում է Սարգսյանը:

Արսեն Խառատյանն էլ իր հերթին կարևորում է այս օրենքի ընդունումը, որն, ըստ նրա, միտցված է բացառելու էլեկտրոնային մեդիայի դաշտի կենտրոնացումը քաղաքական կամ տնտեսական որևէ ուժի ձեռքում, հատկապես հաճախականությունների նոր մրցույթին ընդառաջ: