Ադրբեջանում մեկնարկեցին թուրք-ադրբեջանական միասնական զորավարժությունները, որոնք ներառել են նաև ՀՀ սահմանակից Նախիջևանը, ուր նախօրեին ժամանեց թուրքական զորամիավորումը: Դրանք տեղի են ունենում հայ-ադրբեջանական սահմանային բախումներից հետո:
Հայաստանի արձագանքը չուշացավ: Երևանը մեղադրեց Բաքվին իրավիճակի լիցքաթափումն ու խաղաղ գործընթացի վերսկսումը խոչընդոտելու մեջ: ՀՀ նաև կասեցրեց Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի ու Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի տեսուչների այցեըը ՀՀ՝ հայտարարելով, որ Թուրքիան այս օրերին հանդես է գալիս Հայաստանի դեմ աննախադեպ սպառնալիքներով և սատարում Ադրբեջանի գործողություններին: ՀՀ սահմանների մոտ լայնածավալ զորավարժություններն, ըստ Երևանի, դրա վառ դրսևորումն է:
Իր հերթին Ադրբեջանի ԱԳՆ հայտարարեց, որ համատեղ զորավարժությունները իրականացվում են երկրների միջև ռազմական համագործակցության համաձայնագրի և տարեկան ծրագրի հիման վրա: Դրանք խթանում են Բաքվի և Անկարայի միջև համակարգվածությունն ու փորձի փոխանակումը՝ ամրապնդելով տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը, նշում է Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը:
Քաղաքագետ Էմիլ Սանամյանը հիշեցնում է, որ միասնական թուրք-ադրբեջանական զորավարժություններն անցկացվել են նախկինում կանոնավոր կերպով: Ըստ քաղաքագետի, սակայն, այս զորավարժություններն ունեն հստակ ուղերձ.
՛՛Սա Թուրքիայի ուղերձն է, որ եթե Հայաստանն առավելության հասնի Ադրբեջանի հանդեպ բախման ժամանակ, ապա Թուրքիան կներքաշվի ու կկանխի Ադրբեջանի պարտությունը ՛՛,- ընդծում է Սանամյանը:
Այս զարգացումներին ամենայն հավանականությամբ ուշադրությամբ հետևում են նաև Մոսկվայում՝ հաշվի առնելով տարածաշրջանում ՌԴ-ի ռազմաքաղաքական շահերն ու հայ-թուրքական սահմանին ռուսական զորքերի տեղակայումը: Սանամյանը պնդում է՝ զորավարժություններից առաջ Թուրքիայի նախագահի զանգը ՌԴ-ի իր գործընկերոջը հետապնդում էր ռուսական կողմի անհանգստությունները փարատելու նպատակ, քանի որ թուրքական զորքերը հատելու էին Ադրբեջանի սահմանը:
՛՛Կարծում եմ Էրդողանը ցանկանում էր ինքը տեղեկացնել ՌԴ նախագահին թուրքական զորքերի տեղաշարժի մասին՝ հստակություն մցնելով ռուսական կողմում, որ սա զորավարժությունների մաս է, այլ ոչ թե ռազմական գործողություն՛՛,- ասում է Սանամյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին հայտնի դարձավ նաև ռուս-հայկական հակաօդային ուժերի համատեղ զորավարժությունների մասին, իսկ դրանից առաջ ՌԴ նախագահ Պուտինը կարգադրել էր անսպասելի բանակային ստուգումներ անցկացնել Հարավային և Արևմտյան ռազմական շրջաններում: Ռուսական կողմը պնդում է՝ ստուգումներն անցկացվում են բանակի պատրաստության մակարդակի գնահատման համար:
Քաղաքագետ-վերլուծաբան Ֆիլիպ Գամաղելյանը համամիտ է՝ զորավարժություններն ուղերձ էին: Տարածաշրջանային այս զարգացումները վերլուծաբանի կարծիքով չափազանց վտանգավոր են թե Հայաստանի ու թե Ադրբեջանի համար: Հետևանքները կարող են լինել չափազանց ծանր, ներառյալ ինքնիշխանության կամ դրա մի մասի կորուստը, ասում է վերլուծաբանը: Այդ վտանգը, ըստ Գամաղելյանի, վերջին տասնամյակներում առկա է ողջ հետխորհդային տարածքում, հատկապես հակամարտություններ ունեցող երկրներում:
՛՛Կարծում եմ դա շատ վտանգավոր է ոչ միայն տարածաշրջանի, այլ առաջին հերթին Հայաստանի ու Ադրբեջանի համար: Եթե սկսվեց լայնածավալ պատերազմ, որը կներառի նաև հարևան տերությունները, հավանականություն կա ոչ միայն տարածքի, այլև ինքնիշխանության կորստի՛՛,- ասում է Գամաղելյանը:
Իր հերթին ամերիկացի նախկին դիվանագետ Ռիչարդ Հոգլանդը թուրք-ադրբեջանական և հայ-ռուսական զորավարժությունները ևս վտանգավոր է որակում: Դրանք վկայում են փոխզիջման տրամադրությունների բացակայության մասին, ասում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Հոգլանդը:
՛՛Նրանք պետք է չափազանց զգույշ լինեն և չհատեն այն սահմանը, որից հետո իրավիճակը կդառնա պայթունավտանգ՛՛,- գտնում է դեսպան Հոգլանդը:
Հաշվի առնելով, որ այս զորավարժույուներին նախորդել էր հայ-ադրբեջանական սահմանային բախումը՝ դեսպանը նման արձագանքը որակում է սովորական միջազգային ասպարեզում, որը հաճախ է հանդիպում նաև այլ տարածաշրջաններում: