ՄԱԿ-ը կոչ է անում բոլոր փախստական երեխաներին և օրենքը չխախտած չափահասներին ազատ արձակել

Հայտնի է դարձել, որ օգտվելով համավարակից, որոշ երկրներ ներգաղթյալներին ավելի երկար ժամանակով են փակի տակ պահում: ՄԱԿ-ն ասում է, որ փախստականները խուսափել են պատերազմից և հետապնդումից, նրանք օրինախախտներ չեն և չպետք է ձերբակալվեն կամ փակի տակ պահվեն:

Կազմակերպությունը հայտնում է, որ փախստականներն ու ապաստան հայցողները հաճախ ստիպված են ապրել չափազանց խիտ բնակեցված և հակահիգենիկ տարածքներում: Այն հավելում է, որ այդ պայմաններում սոցիալական հեռավորություն պահպանելն անհնարին է, իսկ բուժօգնությունը՝ խիստ սահմանափակ:

ՄԱԿ-ի փախստականների գործակալության խոսնակ Չարլի Յաքսլին "Ամերիկայի Ձայն"-ին հայտնել է, որ COVID-19-ի աղետալի բռնկման վտանգն այս կենտրոններում չափազանց մեծ է:

"Եթե որևէ մեկը վարակվի այս վիրուսով, այն կարող է արագորեն տարածվել նրանց մեջ, ապա անցնել այս կենտրոնների աշխատակիցներին, հսկիչներին և դուրս գալ վերահսկման սահմաններից",- ասել է նա:

Յաքսլիի խոսքերով փախստականների ձերբակալությունը միայն Լիբիայի պես պատերազմող երկրների իրականությունը չէ, սա տեղի է ունենում նաև Եվրոպայում, Աֆրիկայում, Ասիայում և Ամերիկաներում:

Նա հավելում է, որ փախստականներին փակի տակ դնելը պետք է կիրառվի ծայրահեղ դեպքերում և ասում, որ ՄԱԿ-ը կոչ է անում բոլոր փախստական երեխաներին և օրենքը չխախտած չափահասներին ազատ արձակել:

Your browser doesn’t support HTML5

ՄԱԿ-ը կոչ է անում բոլոր փախստական երեխաներին և օրենքը չխախտած չափահասներին ազատ արձակել