Աֆղանստանում բռնությունները վերջերս շատացել են, սակայն երկրի կառավարության անվտանգության ուժերը Թալիբանի դեմ պայքարում կրել են 40 տոկոսով ավելի քիչ վնասներ, քան անցյալ տարի: Այս մասին է հայտարարել Աֆղանստանի խաղաղության հարցերով ԱՄՆ-ի դեսպանորդ Զալմայ Խալիլզադեն: Նրա խոսքերով, ԱՄՆ-ի ու Թալիբանի միջեւ փետրվար ամսին համաձայնագրի ստորագրումից ի վեր այստեղ ամերիկացի որեւէ զինվորական չի զոհվել:
Խալիլզադեի այս հայտարարությունը հակասում է Աֆղանստանի իշխանությունների այն պնդումներին, որոնց համաձայն ԱՄՆ-Թալիբան համաձայնագիրը ստորագրելուց հետո այստեղ ուժգնացել են բռնությունները ու հասել ռեկորդային մակարդակի:
Սակայն նա ընդունում է, որ բռնությունների վերջին ուժգնացումն ու գերիների փոխանակման դանդաղ ընթացքը կարող են դառնալ խոչընդոտ խաղաղույթան բանակցություններ սկսելու ճանապարհին:
Հակամարտ կողմերի միջեւ երկխոսություն սկսելու հանգամանքն ուղղակիորեն կապված է գերիների փոխանակման հետ, ասված է փետրվարին կնքված համաձայնագրում: Խալիլզադեն գոհ է, որ Աֆղանստանի կառավարությունն արդեն իսկ ազատ է արձակել խոստացված 5000 գերիներից 4400-ին: Իր կողմից Թալիբանն ազատ է արձակել աֆղանական ուժերի 1000 զինվորականներից 861-ին:
Թալիբանը բացառում է որեւէ բանակցություն նախքան բոլոր 5000 գերիների ազատ արձակումը: ԱՄՆ-ը, ասում է Խալիլզադեն, կատարել է իր ստանձնած պարտավորությունը եւ իր ռազմական թվակազմն այստեղ իջեցրել է 8600-ի, ինչպես նաեւ ազատել է Աֆղանստանում հինգ ռազմաբազա: Մնացյալ թվակազմն այստեղից դուրս է բերվելու 2021 թվականին, սակայն, ինչպես Խալիլզադեն է ասում, դա կախված է Թալիբանի հետագա քայլերից, մասնավորապես այն հանգամանքից, թե ինչպես է Թալիբանն այլ երկրների ահաբեկիչներին արգելում Աֆղանստանի տարածքն օգտագործել ընդդեմ ԱՄՆ-ի իրականացվող գործողությունների: