ԱՄՆ Կոնգրեսի թուրքական ու ադրբեջանական հանձնախմբերի համանախագահ, կոնգրեսական Սթիվ Քոհենը երեկ Ներկայացուցիչների պալատի ընթացակարգային հանձնաժողով է ներկայացրել հատկացումների օրենքում փոփոխության նախագիծ, որը պետք է քննարկվի այսօր: Այս նախագիծը փորձում է արգելափակել Լեռնային Ղարաբաղում ականազերծում իրականացնելու նախաձեռնությունները: Ըստ դրա, Հատկացումների օրենքով տրամադրվող միջոցները չպետք է օգտագործվեն կամ պարտադիր չպետք է լինեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համար՝ Լեռնային Ղարաբաղում ականազերծում իրականացնելու հարցում:
Նախագծին դեմ են ամերիկահայ կազմակերպությունները: Ամերիկայի հայկական համագումարն ու Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախումբը կոչ են անում ամերիկահայությանը կապ հաստատել իրենց ընտրատարածքների կոնգրեսականների գրասենյակների հետ և հորդորել օրենսդիրներին դեմ քվեարկել Քոհենի նախագծին:
Հիշեցնենք նաև, որ վաղը՝ հուլիսի 22-ին նախատեսված է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփիեռի փոփոխության նախագծի շուրջ քննարկումն ու քվեարկությունը Ներկայացուցիչների պալատի ընթացակարգային հանձնաժողովում: Սփիեռի փոփոխության նախագիծն առաջարկում է 1,5 միլիոն ԱՄՆ դոլար հատկացնել Լեռնային Ղարաբաղում ականազերծում իրականացնելու համար: