2020-ի ընտրություններում հաղթանակի դեպքում Ջո Բայդենը կդառնա ԱՄՆ-ի 46-րդ և ամենատարեց նախագահը

ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ դեմոկրատ Ջո Բայդենը երրորդ անգամ է իր թեկնածությունը առաջադրում Սպիտակ տան ընտրություններում։ Սակայն նա առաջին անգամ է ընտրվել որպես իր կուսակցության թեկնածու։

Հաղթանակի դեպքում 2021 թվականի հունվարին Բայդենը կդառնա երկրի 46-րդ նախագահը։ Այդ ժամանակ նա կլինի 78 տարեկան և ԱՄՆ-ի ամենատարեց նախագահը՝ գերազանցելով 74-ամյա Թրամփին։

Քարոզարշավի մի քանի ամիսների ընթացքում Բայդենը նշել է, որ ցանկանում է վերջ տալ Թրամփի «խեղաթյուրված» վարչարարությանը:

«Մենք պայքարում ենք հանուն Ամերիկայի ոգու», հայտարարել է Բայդենը։ «Ժամանակն է հիշել, թե ով ենք մենք։ Մենք ամերիկացիներ ենք. տոկուն, դիմացկուն, բայց միշտ լիահույս։ Ժամանակն է միմյանց արժանապատվորեն վերաբերվել։ Կառուցել միջին խավ, որին բոլորը կարող են ձգտել։ Պայքարել ընդդեմ իշխանության անհավանական չարաշահման, որի ականատեսն ենք։ Ժամանակն է ավելի լուրջ վերաբերվել և հիշել, որ լավագույն օրերը դեռ առջևում են»։

Բայդենը բնութագրել է Թրամփին որպես ազատ աշխարհի համար ոչ պիտանի առաջնորդ՝ նշելով, որ «համաշխարհային բեմահարթակում հարգված ղեկավարություն, իսկ երկրում արժանապատիվ ղեկավարություն ունենալու ժամանակն է»։


Սակայն կորոնավիրուսի համավարակի պայմաններում Բայդենը քարոզարշավը հիմնականում իրականացրել է Դելավերի իր տնից, և երբեմն էլ այցելել Վիլմինգտոն՝ մարդկանց փոքրաթիվ խմբերի հետ քաղաքական քննարկումների և ելույթներով հանդես գալու համար։

Նախկին սենատորը երեք ամսվա ընթացքում անցկացրել է ընդամենը մեկ մամուլի ասուլիս և զերծ մնացել բազմամարդ քաղաքական հավաքներում ելույթ ունենալուց՝ կորոնավիրուսի տարածմանը չնպաստելու նպատակով։

Ձեռքբերումները և անձնական կյանքը. Դելավերի համալսարանը և Սիրաքյուզի իրավաբանական դպրոցը ավարտելուց հետո 1972 թվականին 29-ամյա Բայդենը դարձել է ԱՄՆ-ի Սենատում երբևէ ընտրված ամենաերիտասարդ օրենսդիրներից մեկը։ Սակայն ընտրություններից շաբաթներ անց ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվեցին Բայդենի առաջին կինը՝ Նելիան և նրանց մեկամյա դուստր Նաոմին։ Սկզբում Բայդենը մտածում էր թողնել նորընտիր սենատորի պաշտոնը՝ ողջ մնացած երկու որդիների մասին հոգ տանելու համար, սակայն որոշում է կայացնում շարունակել աշխատել և ամեն օր գնացքով 90 րոպե ճանապարհ կտրել Դելավերից

Վաշինգտոն և հակառակը։ Եվ այդպես 36 տարի՝ հետագա վեց ժամկետների ընթացքում։


Առաջին կնոջ մահից մի քանի տարի անց Բայդենը ամուսնացել է Ջիլ Յակոբս Թրեյսիի հետ, և 1981 թվականին ծնվել է նրանց դուստրը։ Բայդենը նախագահական ընտրություններում առաջադրվել է 1987 և 2007 թվականներին, սակայն երկու դեպքում էլ չի ստացել անհրաժեշտ քանակով պատվիրակների ձայներ։ 1987-ի ձախողման պատճառը մասամբ բրիտանական քաղաքական գործչից փոխառած արտահայտությունների օգտագործումն էր։ Իսկ 2007 թվականին նախագահական ընտրարշավից դուրս մնալուց հետո նախագահի թեկնածու Բարաք Օբամայի հորդորով միացել է նրա քարոզարշավին, ապա ութ տարի ծառայել վերջինի վարչակազմում՝ որպես ԱՄՆ-ի փոխնախագահ։

Արտաքին քաղաքականություն. Սենատում Բայդենը երկար տարիներ եղել է Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ և երկու անգամ նախագահել է այն։ 1991 թվականին նա դեմ է հանդես եկել Պարսից ծոցի պատերազմին, սակայն կողմ է քվեարկել 2003-ին Իրաք ներխուժելու թույլտվությանը։ Նա պաշտպանել է 1994 թվականին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի միջամտությունը Բոսնիայում։ Փոխնախագահի պաշտոնում Բայդենը օգնել է ձևավորել Իրաքի հանդեպ ԱՄՆ-ի քաղաքականությունը՝ ներառյալ զորքերի դուրսբերումը 2011 թվականին։ Նա նաև սատարել է 2011-ին Լիբիայում ՆԱՏՕ-ի գլխավորած ռազմական միջամտությանը։

Սենատում աշխատելու տարիների ընթացքում Բայդենը հատկապես աչքի է ընկել հանցավորության դեմ պայքարի վերաբերյալ օրինագծերի մշակման հարցերում։ Նա սատարել է դատապարտված հանցագործների համար ծանր պատժամիջոցները, և այդ դիրքորոշումը փոխել է 2020 թվականի նախագահական ընտրությունների համար առաջադրվելիս։ Այժմ նա ասում է, որ «Միացյալ Նահանգներում չափազանց շատ են բանտարկված մարդիկ, և նրանցից շատ-շատերը սևամորթ են»։

Բայդենը նշել է, որ Կանանց նկատմամբ բռնության մասին օրենքը համարում է «ամենակարևոր օրենքը», որին աջակցել է Սենատում պաշտոնավարման ընթացքում։

Սակայն Գերագույն դատարանում Բայդենի նախագահությամբ երկու վիճահարույց լսումները բացասաբար են անդրադարձել նրա գործունեության վրա։ Առաջինը՝ 1987 թվականին երկրի բարձրագույն դատարանի դատավորի պաշտոնում պահպանողական թեկնածու Ռոբերթ Բորքի աղմկահարույց նշանակման գործի լսումն էր, որը տևել է 12 օր և ավարտվել Սենատի մերժմամբ։ Ըստ քննադատների՝ այդ դատական նիստը նշանավորել է Գերագույն դատարանի թեկնածուների համար ժամանակակից բևեռացված քաղաքական պայքարի սկիզբը։ Երկրորդը՝ 1991 թվականին Գերագույն դատարանում պահպանողական աֆրոամերիկացի Քլարենս Թոմասի նշանակման հարցով լսումն էր, որը տարիներ շարունակ դարձել էր շահարկման թեմա Բայդենի ներկուսակցական հակառակորդների համար։

Փաստաբան և Թոմասի գործընկեր Անիտա Հիլը ցուցմունք է տվել Թոմասի դեմ՝ մեղադրելով նրան սեռական ոտնձգությունների մեջ։ Թոմասը հերքել է այդ պնդումները։ Սակայն Բայդենը, որը այն ժամանակ Սենատի դատական հանձնաժողովի նախագահն էր, թույլ չի տվել այլ վկաների ցուցմունք տալ ի օգուտ Հիլի։ Դատական լսումը կտրուկ քննադատության է արժանացել կանանց իրավապաշտպան խմբերի կողմից։ Ի վերջո, Սենատը հաստատել է Թոմասի թեկնածությունը, որը մինչ օրս նախագահում է Գերագույն դատարանում։ 2019 թվականի ապրիլին Բայդենը զանգահարել է Հիլին և ափսոսանք հայտնել Թոմասի լսումների հետ կապված։ Սակայն Հիլը ավելի ուշ ասել է, որ խորապես դժգոհ է մնացել։


Ընտրական ծրագիր. Ընտրություններում Բայդենի հաղթանակի դեպքում շատերը ակնկալում են, որ նրա արտաքին և ներքին քաղաքականությունը նման է լինելու նախկին նախագահ Օբամայի քաղաքականությանը՝ թիրախում պահելով ԱՄՆ-ի տնտեսության վերականգնումը, կլիմայի փոփոխության խնդիրները, ՆԱՏՕ-ի ամրապնդումը, ինչպես նաև Եվրոպայում և Ասիայում ռազմական դաշինքների հետ կապերի բարելավումը։ Սակայն այլ կարևոր հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են Չինաստանի հետ հարաբերությունները, ներգաղթը և Աֆղանստանում, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմական ներգրավվածությունը, նրա ծրագրերը, կարծես, դեռևս ձևավորման փուլում են։ Թրամփը Միացյալ Նահանգները դուրս է բերել մի շարք միջազգային առևտրային, միջուկային և կլիմայական պայմանագրերից, որոնք, իր կարծիքով, չեն բխում Վաշինգտոնի լավագույն շահերից։ Բայդենը, ամենայն հավանականությամբ, կփորձի վերականգնել դրանցից գոնե մի քանիսը։

Ներպետական հարցերում Բայդենը միշտ փորձել է ընդհանուր եզրեր գտնել հանրապետական օրենսդիրների հետ աշխատելու համար։ Սակայն նախագահության թեկնածուի առաջադրման համար տևական պայքարի ընթացքում Բայդենը հրաժարվել է այն քննադատությունից, որ նա չափավոր լիբերալ է այսօրվա Դեմոկրատական կուսակցության համար՝ ասելով, որ թեկնածուներից ամենաառաջադեմն է։ Բայդենը մատնանշում է Օբամայի վարչակազմի փորձը, այդ թվում՝ առողջապահության ընդլայնումը, միասեռականների ամուսնությունների օրինականացմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև ամերիկյան ավտոարդյունաբերությանն ուղղված կառավարության օժանդակությունը։

Բայդենը, ըստ ամենայնի, կընտրի կին փոխնախագահի թեկնածու, որը երկրի ներսում հանդես կգա որպես ռասայական հավասարության, իսկ միջազգային ասպարեզում կանանց իրավունքների ջատագով։

Բայդենի պնդմամբ՝ Թրամփը հրաժարվել է կորոնավիրուսի դեմ պայքարից՝ հավելելով, որ նա «կդադարեցնի քաղաքական թատրոնը և դիտավորյալ ապատեղեկատվությունը, որոնք խորացրել են խառնաշփոթը և խտրականությունը»։ Նա «կերաշխավորի, որ հանրային առողջապահական որոշումները կայացվեն առողջապահության ոլորտի մասնագետների, այլ ոչ թե քաղաքական գործիչների կողմից»։

Երկու թեկնածուների միջև տեղի կունենա երեք բանավեճ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին։